շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆ

Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կշարունակվեն. այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորև.

«Շարունակվում են Ռուսաստանի հետևողական ջանքերը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Օգնությունը հասնում է նրանց, ովքեր ինքնակամ լքել են շրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, որոնք որոշել են մնալ։

Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր խաղաղապահները ղարաբաղցիներին մատակարարել են շուրջ 200 տոննա մարդասիրական պաշար, վառելիք ու քսանյութ, կազմակերպել են սեպտեմբերի 25-ին գազալցակայանում պայթյունի հարյուրավոր տուժածների բժշկական տարհանումը, ուղեկցել են Հայաստան մեկնող ղարաբաղցիների շարասյունները։

Ռուս ռազմական բժիշկները շարունակում են աշխատել տարածաշրջանում։ Ղարաբաղահայերին օգնությունը տրամադրվում է տարբեր ուղիներով և Հայաստանի տարածքում, այդ թվում՝ ռուսական ընկերությունների կողմից, հասարակական ակտիվիստների և հայրենակիցների միջոցով։

Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարարությունում կայացած ճեպազրույցում հնչած մարդասիրական կարիքները՝ մենք որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու շրջանակը։ Նման աշխատանքը հիմնականում ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը։

Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ջանքերը համակարգելու համար։ Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում նրա աշխատակիցները Գորիս են հասցրել ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն, իսկ Կապան՝ 1,5 տոննա։ Սյունիքում գլխավոր հյուպատոսության բացման համար ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի ռուս դիվանագետներն աշխատում են սահմանային գոտում՝ կապ հաստատելով տեղի վարչակազմի հետ։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը տրամադրել է 100 վրան և 200 տաք ծածկոց։

Ելիզավետա Գլինկայի անվան անվան «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն առաքման համար պատրաստել է ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն, ներառյալ մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, տաք հագուստ, անկողնային պարագաներ և էլեկտրական տաքացուցիչներ:

Սոցիալական ակտիվիստների ջանքերով նախատեսվում է Վոլգոգրադից ուղարկել 20 տոննա մարդասիրական օգնություն։ Ռուսաստանի հայկական սփյուռքի կազմակերպությունները 500 ղարաբաղցիների ապահովել են ամենօրյա սնունդով։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի ներկայացուցչությունը և հայրենակիցների ասոցիացիաները սննդի փաթեթներ են հավաքում և բաշխում։

Հոկտեմբերի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ղարաբաղցիների համար ապահովում է Հայաստանում էլեկտրագնացքներով անվճար երթևեկություն։

«ՌՈՒՍԱԼ Արմենիա» ընկերությունների խումբն օգնում է տեղահանվածների աշխատանքի տեղավորման հարցում: Հաշվի առնելով բնակարանների հրատապ կարիքը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տրամադրում է կացարան ենթակա բնակարանային ֆոնդում, ինչպես նաև վճարում է վարձավճար և բնակարանային և կոմունալ ծառայություններ 600 ընտանիքի համար։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կշարունակվեն», - ասվում է հաղորդագրությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: