ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեխաները թերսնուցման, սննդակարգի ոչ լիարժեք ընդունման պատճառով տարբեր հիվանդությունների և խնդիրների առաջ են կանգնում. ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար

Երեխաները թերսնուցման, սննդակարգի ոչ լիարժեք ընդունման պատճառով տարբեր հիվանդությունների և խնդիրների առաջ են կանգնում. ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար

Արցախում այս պահին շաքարավազի և ձեթի տեսքով աջակցություն է ցուցաբերվում անչափահաս երեխաներին: Այս մասին Արցախի հեռուստաընկերության տաղավարում ասաց ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցանկալի կլիներ, որ այդ աջակցությունը մեծ լիներ, քանի որ երեխաները նաև թերսնուցման, սննդակարգի ոչ լիարժեք ընդունման պատճառով տարբեր հիվանդությունների և խնդիրների առաջ են կանգնում: Սննդի հետ կապված դիմումներից բացի՝ դիմում են նաև ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեծ խնդիր է նաև հիգիենայի պարագաների հարցը, որը սպառման եզրին է: Շատ քաղաքացիներ դիմում են հիգիենայի պարագաների խնդրանքով՛՛:

Ըստ Առաքելյանի՝ վերջին ամիսներին դիմումատուների թիվը կտրուկ աճել է, որովհետև օրեցօր խնդիրներն ավելի են խորանում:

նա վստահեցրեց, որ նախարարությունն իր ռեսուրսների սահմանում փորձում է ամենածայրահեղ դեպքերում որոշակի աջակցություն ցուցաբերել, բայց ներկա պայմաններում ամբողջությամբ ապահովել բոլորի կարիքները հնարավոր չէ:

Խոսելով Արցախում տարեցների խնդիրների մասին՝ նախարարն ասաց. ՛՛Ունենք վառելիքի խնդիր, ինչը խաթարում է նաև մեր ծրագրերը: Միայնակ տարեցների խնդիրն է այժմ, մեր աշխատակիցները տնային այցելությունների շնորհիվ ցուցաբերում էին աջակցություն նրանց: Այս պահին վառելիքի բացակայության պատճառով խնդիրը խորանում է: Մենք ստիպված ենք սպասարկել միայն ծայրահեղ դեպքերում: Ունենք անկողնային հիվանդներ. փորձաքննությունը կատարվում է տնային պայմաններում՛՛:

Առաքելյանն ասաց, որ Արցախում կան երեխաներ, որոնք հատուկ մասնագիտացված առողջարաններ պետք է ուղեգրվեին, իսկ շրջափակման պատճառով ծրագիրը չեղարկվել է: Նա նշեց, որ Արցախի Հանրապետության տարածքում նման հաստատությունների բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում. այդ մարդիկ չեն կարողանում ստանալ լիարժեք վերականգնողական առողջարանային բուժում:

Վահրամ Առաքելյանը նաեւ նշեց, որ նախարարությունը շատ քիչ ռեսուրս ունի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար, քանի որ օրեցօր տարբեր տնտեսվարող սուբյեկտներ դադարեցնում են իրենց գործունեությունը:

՛՛Օրեցօր ավելանում է եկամտից զրկված քաղաքացիների թիվը՛՛,-փաստեց նախարարը:

  • Կիսվել: