ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն. Արայիկ Հարությունյան

Էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն. Արայիկ Հարությունյան

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և ասաց, որ տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը չի նահանջում, այլ ավելի է տարածվում տարբեր երկրներում, և աշխատավոր մարդու շնորհիվ հնարավոր է լինելու դիմակայել այս իրավիճակին։

Նա, մասնավորապես, նշեց. «Արցախն այս առումով ավելի ապահովված է՝ և՛ պարենային առումով, և՛ ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից կարևորել մեր երկրում պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Պարենային առումով՝ ոչ միայն այս կորոնավիրուսի, այլ՝ ցանկացած ֆորսմաժորի հետևանքով, ցանկացած իրավիճակում զարգացման, գոյաևելու գլխավոր պայմանը պարենն է, ուտելիքն է» ։

Նա խոսեց նաև էներգետիկ անվտանգությունից և ասաց, որ Հայաստանի և Արցախի գլխավոր էներգետիկ ռեսուրսները ներկրվում են, այսպիսի վիճակը պարբերաբար վտանգված է՝ սկսած աշխարհաքաղաքական և նաև ֆինանսական (եթե վճարման խնդիր լինի) առումներով, ուստի, նրա խոսքով, էներգետիկ անվտանգությունը մեր գլխավոր խնդիրներից է։

«Նորից ուզում եմ կրկնել․ այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել՝ էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն, չփորձե՛ք, չփորձե՛ք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Վերջինիս խոսքերով՝ այս առումով շարունակվելու է էներգետիկ անկախության ծրագիրը․ արևային էներգիայի զարգացման քաղաքականություն է իրականացվելու, գազաֆիկացում, հոսանքի գնի իջեցում։ 

  • Կիսվել: