հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Էլեկտրական գործիքով փորձել են ծակել բենզինի բաքը». նոր մանրամասներ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից

«Էլեկտրական գործիքով փորձել են ծակել բենզինի բաքը». նոր մանրամասներ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի առաջացման պատճառների մասին մինչ օրս պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել:

Շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնք, սակայն, ենթադրությունների համատեքստում են: Որոշները պնդում են, թե ծխախոտի կրակի պատճառով է այն առաջացել: Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշ հատվածի շրջանում էլ կան անգամ կասկածներ, որ ադրբեջանական կողմն է կազմակերպել՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:  

«Հայկական ժամանակ»-ին, սակայն, որոշ նոր մանրամասներ են հայտնի դարձել ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից: ԼՂ ուժային կառույցներից մեկի աշխատակիցը հայտնել է, որ տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:

Զրուցակցի խոսքով՝ գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:

«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմեց ականատեսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, երբ հազարավոր ԼՂ բնակիչների անվճար դիզվառելիք էր տրամադրվում, որպեսզի նրանք սեփական մեքենաներով կարողանային հասնել ՀՀ, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին, շատերի ճակատագիրն էլ մինչ այս պահը շարունակում է մնալ անհայտ:

  • Կիսվել: