շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԽ պատգամավորները դատապարտում են մշակութային ժառանգությունից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի նախաձեռնությունը

ԵԽ պատգամավորները դատապարտում են մշակութային ժառանգությունից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի նախաձեռնությունը

Եվրոպական խորհրդարանի անդամները Թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի՝ հայկական եկեղեցիները իբրև աղվանական ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու նախաձեռնությունը:

Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը, մասնավորապես, իր թվիթերյան էջում գրել է. ՛՛Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի հենց հիմա: Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման, աղավաղման և ոչնչացման ցանկացած փորձ՛՛: 

Նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենն էլ դարձյալ Թվիթերում նշել է, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն. ՛՛Ադրբեջանը հայտարարել է, թե ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից: Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսին (Եվրախորհրդարանի անդամ), Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հաստատում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կուրսը:

Հիշեցնենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին ասել են, որ ՛՛պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա՛՛:

  • Կիսվել: