ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եղել է թիրախային կրակոց. ԱՀ նախագահի մամուլի խոսնակը՝ Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի մասին

Եղել է թիրախային կրակոց. ԱՀ նախագահի մամուլի խոսնակը՝ Արցախում զինծառայողի վիրավորման դեպքի մասին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը InfoPort.am-ի հետ զրույցում անդրադարձավ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին։

Նա, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանի կողմից այս սադրանքը եւս մեկ անգամ հաստատում է, որ խաղաղ գոյակցությունն անհամատեղելի է:

Պողոսյանի խոսքով՝ տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի հնարավորինս արագ հստակեցումը։

՛՛Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, եւ այս պահի դրությամբ ջանքեր ենք գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար՛՛,-ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։

Նա ընդգծեց, որ այս պարագայում խաղաղության երաշխիքները նվազ են։

՛՛Սրանով նաեւ Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՛՛,-հավելեց Պողոսյանը:

Նա վստահեցրեց նաեւ, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ղեկավարությանը եւ ակնկալում են պատշաճ քննություն։

՛՛Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար՛՛,-ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Նա անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ եւ բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

  • Կիսվել: