ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը

Ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը

Ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը, ընդունվել է նաև հարթակի հռչակման մասին հայտարարությունը: Այն ներկայացում ենք ստորև․

«2023թ. մայիսին, Արցախի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ, վեր կանգնելով կուսակցական և անձնական շահերից, Ստեփանակերտում ձևավորեցին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ նպատակ ունենալով դիմագրավել Արցախում ստեղծված գոյաբանական սպառնալիքները, կառավարման ու հումանիտար խորացող ճգնաժամերը, մշակել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն։ 

Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ գեներացնելու, տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ միավորելու և նրանց ջանքերը համադրելու, ինչպես նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատի» գործունեությանն աջակցելու նպատակով՝  նախաձեռնող խումբը հայտարարում է հայաստանյան հարթակի ձևավորման մասին։ 

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակը» ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽԻ գաղափարի շուրջ ձևավորվող համախմբում է, որը միավորում է  քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների: 

Հարթակը, համախմբելով հայության տարբեր հատվածների, հանրային, քաղաքական, հոգևոր, մասնագիտական շրջանակների, ծառայելու է Արցախի Հանրապետությունը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրին՝ համոզումով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: 

2020թ. սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքները, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ, ցեղասպանական վարքագիծը, Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը, վատթարացող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական բարդ իրավիճակը, ՀՀ իշխանությունների վարած անհամարժեք արտաքին և ներքին քաղաքականությունը պահանջում են համազգային ներուժի համախմբում՝ հանգուցալուծելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական խնդիրները:  

Մենք ՝ նախաձեռնող խմբի անդամներս, 

Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր անհատներին, կազմակերպություններին, միավորումներին և նրանց ներկայացուցիչներին, ովքեր կիսում են հայտարարված գաղափարները, գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայոց պետականության և Հայրենիքի հանդեպ, ովքեր հանձնառու են իրենց կարողություններն ու ներուժը ուղղել ծառացած մարտահրավերների լուծմանը՝ միանալ հարթակի ձևավորմանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությունները: 

ՀԱՐԹԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,
  2. Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ, 
  3. Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, 
  4. Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,
  5. Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ»,- ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: