չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Դուռը բաց եմ քնում».Հին Շենի 70-ամյա բնակչուհու առօրյան հագեցած է ստեղծարար աշխատանքով

«Դուռը բաց եմ քնում».Հին Շենի 70-ամյա բնակչուհու առօրյան հագեցած է ստեղծարար աշխատանքով

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի բնակչուհի 70-ամյա Նորա Հովսեփյանին գյուղում բոլորն են ճանաչում ՝ նրա աշխատասիրության, համեղ մուրաբաների, չրերի համբավի շնորհիվ: Նորա տատիկի դեմքի յուրաքանչյուր կնճիռում մի պատմություն ու ցավ է թաքնված: Ապրում է միայնակ. ամուսինը վաղաժամ կյանքից հեռացել է ավտովթարից, իսկ զավակները բնակվում են Ստեփանակերտում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Նորա տատիկն շեշտում է՝ երբեք չի հեռանա Արցախից ու հայրենի գյուղից՝ անգամ եթե թշնամու դիրքը գտնվում է գյուղից 500 մետր հեռավորության վրա:

«ՈՒրիշ որտե՞ղ ապրես: Այստեղ լավ է, հանգիստ եմ ինձ զգում: Թեկուզ մենակ եմ ապրում, բայց մի գրամ չեմ վախենում, եթե պետք լինի ես էլ կկռվեմ: Ամոթ է, որ հայը վախենա, պետք է պայքարենք: Ես թողնել-գնալու մասին չեմ մտածում, այլ հակառակը՝ ապրելու: Սկսել եմ ձմեռվան պատրաստվել՝ արդեն մուրաբաներ, սալորի չրեր եմ պատրաստում, չոր լոբին մաքրում, որպես ձմռան պաշար և՛ ինձ համար, և՛ երեխաներիս ուղարկելու»,- ասում է Նորա տատիկը:

Զորւցակցիս հավաստմամբ՝ թեև ՀԻՆ Շենի բնակիչների մի մասը տարիների հետ հեռացել է, բայց այսօր գյուղը շարունակում է ապրել ու շենանանալ: Նրա կարծիքով՝ երիտասարդները քաղաք են գնում աշխատանք չլինելու պատճառով: Շատ է նեղսրտվում՝ գյուղի բնակչությունը նվազելու պատճառով:

«Գյուղի լույսերն առավոտյան ժամը 9-ին անջատում են և միացնում երեկոյան ժամը 6-ին միայն, իսկ գազի մասին արդեն մոռացել ենք: Ճարահատյալ՝ մուրաբա, կոմպոտ կամ ուտելիք պատրաստելու համար վառարանն եմ օգտագործում»,-պատմում է հինշենցի տատիկը:

Ինչպես ասում է տիկին Նորան, տան գործերը չեն վերջանում՝ դրսինն ավարտում է տանն է սկսում և այդպես շարունակ:

«Կապ չունի, որ մենակ եմ ապրում, ամբողջ օրն աշխատում եմ: Ոչխար եմ պահում, 20 մեղվափեթակ ունեմ, այգի: Ի դեպ՝ այս տարի լավ բերք է եղել: Օրվա ընթացքում պահ է լինում, որ ուզում եմ գնամ քնելու, մեկ էլ հիշում եմ գործերիս մասին և քունս փախչում է»,- անկեղծանում է Ն. Հովսեփյանը:

Հարցին, թե չի՞ վախենում, զարմանում է. «Ումի՞ց վախենամ, ես նույնիսկ դուռս բաց եմ քնում» :

  • Կիսվել: