շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության․ Փաշինյան

Դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության․ Փաշինյան

Երեկ երեկոյան Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սրա քաղաքական հետևանքներին: 

«Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը,որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ  Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրրբեջանի վերահսկողության ներքո և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով  քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը  ԼՂ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԼՂ և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ  զորախմբի վերահսկողության ներքո։

Ըստ էության դատարանը արձանագրեց, որ սա  Ադրբեջանի պարտավորությունն է, միջազգային պարտավորությունը։ Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ  դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ, նաև տվյալ հայտարարությանն ու դրա դրույթներին, այդ թվում  ԼՂ-ի և շփման գծի վերաբերյալ  տրվեց միջազգային իրավական նշանակություն»,- նշեց Փաշինյանը։ 

«Դատարանը արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները  Ղարաբաղ, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական, բժշկական ծառայություններին՝  այսպիսով հաստատելով  ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»,- նշեց վարչապետը։ 

«Դատարանը համարեց, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել , որ Ադրբեջանն է ԼՂ-ում  փակել բնական գազը  և էլեկտրաէներգիայի  մատակարարումների դադարեցումների մեղավորն է ։Իհարկե նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվումն է ՀՀ-ի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին։ Եվ այստեղ ուղղակի անհերքելի ապացույցներ ՀՀ-ն չէր կարող ներկայացնել։ Բայց սա նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել  ուղղակի ապացույցներ այդ հիմքով, կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս պահանջը մեծ է ։ Այս պահին չնայած  դեպի ԼՂ գազամատակարարումը իրականացվում է լիարժեք »։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը պետք է  տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար. «Ամենասկզբում ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու  կոչ-պահանջ հնչեցնելը «էկո ակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: