չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատական հայց եմ ներկայացնելու Խանումյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և ներողություն. Դավիթ Դավթյանն արձագանքել է Հայկ Խանումյանի պնդումներին

Դատական հայց եմ ներկայացնելու Խանումյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և ներողություն. Դավիթ Դավթյանն արձագանքել է Հայկ Խանումյանի պնդումներին

ԱՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ԱՀ ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի իրեն ուղղված մեղադրանքներին:

 Դավիթ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումն, ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև.
 
«Օրեր առաջ ԱՀ ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ իմ հասցեին զրպարտություններ ու բարի համբավս արատավորող պնդումներ է արել: Մի քանի դիտարկում դրա վերաբերյալ:
 
Նախ, հիշյալ գրառումը հեղինակն արդեն ջնջել է իր էջից՝ թերևս գիտակցելով իր պնդումների անհեթեթությունը: Ես ընդամենը մեկ բնակարան ունեմ Ստեփանակերտ քաղաքում, որտեղ հիմա բնակվում եմ ընտանիքիս հետ: Առհասարակ, սեփականության իրավունքով տներ չեմ ունեցել և, բնական է, չէի կարող դրանք պետությանը վաճառել:
 
Ինչ վերաբերում է ԱՀ կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի N353-Ն որոշմամբ սահմանված ծրագրից օգտվելուն՝ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով, ապա ինչպես ԱՀ հարյուրավոր այլ քաղաքացիներ, ես նույնպես օգտվել եմ ծրագրից սահմանված կարգով: Ի դեպ, հենց Հայկ Խանումյանի պաշտոնավարման ժամանակահատվածում եմ փաստաթղթերս ներկայացրել, ճանաչվել ծրագրի շահառու և գրանցվել հերթացուցակում, քանի որ փաստաթղթերս համապատասխանել են կարգով սահմանված պայմաններին: Հերթացուցակում գրանցվելուց գրեթե մեկուկես տարի անց, առանց որևէ կարգ ու հերթ խախտելու, ստացել եմ նախատեսված աջակցության մի մասը: Ի՜նչ արտառոց բան կար այդտեղ, որ Խանումյանը ցանկացել է սոցցանցային սենսացիա դարձնել…
 
Ի դեպ, Խանումյանի հայտարարությանն արձագանքելով՝ հերքումներ են հրապարակել ԱՀ ՏԿԵ և Քաղաքաշինության նախարարությունները /Հղումները՝ ՝ ստորև:
 
Ես քաղաքական գործիչ չեմ, իսկ Խանումյանի հիշյալ հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստեր կան: Ուրեմն, հիմնական թիրախը ես չեմ, նա պարզապես սխալ հասցե էր ընտրել: Ակնհայտ է, որ Խանումյանն այդ հրապարակմամբ փորձ է արել արատավորել Արցախի Հանրապետության պետական նախարարին, բայց նման քայլերն անարդյունք են մնալու, քանի որ պետական նախարարին ճանաչողները նրան լավ գիտեն, իսկ անծանոթները՝ ճանաչելուն պես հասկանում են այդպիսի հայտարարությունների իրական նպատակները՝ սկսելով ճանաչել դրանց հեղինակներին:
 
Զարմանում եմ, որ նախկին խորհրդարանականը և կառավարության անդամն անպատասխանատու ձևով փորձում է մոլորեցնել հանրությանը: Ուղղակի ամոթ է: Ոչ ոքի թույլ չեմ տա իմ բարի համբավն արատավորել: Ուստի, դատական հայց եմ ներկայացնելու Խանումյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և ներողություն»:

  • Կիսվել: