երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դաշտերը չորանում են, չենք կարողանում մշակել, որովհետեւ վառելիք չունենք տեխնիկայի համար․ Ասկերանի ղեկավարի օգնական

Դաշտերը չորանում են, չենք կարողանում մշակել, որովհետեւ վառելիք չունենք տեխնիկայի համար․ Ասկերանի ղեկավարի օգնական

Արդեն 70 օր է՝ Ասկերանի շրջան սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ չեն մտել։ Այս մասին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։

Ասկերանի շրջանը պատերազմից առաջ ընդգրկում էր 48 համայնք, այժմ այդ համայնքների թիվը 23 է։

«Ինչպես ախտորոշման դեպքում են ասում՝ մարդկանց վիճակը կայուն ծանր է։ Փորձում ենք հարմարվել իրավիճակին։ Հիմա ամենամեծ խնդիրներից մեկը վառելիքն է, այլեւս հանրային տրանսպորտ էլ չենք օգտագործում։ Ընդհանուր առմամբ շրջանում շարժը կանգ է առել, մարդիկ իրենց մարդատար մեքենաներն էլ չեն օգտագործում, միայն հազվադեպ ժամանակ, երբ շատ հեռու վայր պետք է գնան։ Անգամ դաշտերն են ոտքով գնում։ Բայց դաշտերը չորանում են, չենք կարողանում մշակել, որովհետեւ վառելիք չունենք տեխնիկայի համար»,- նշեց Պետրոսյանը։

Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր հիվանդներին հասնելու համար պահեստային վառելիք կա, սակայն դա էլ շատ երկար ծառայել չի կարող։ Վերջին անգամ շրջան սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ են հասել հունիսի 15-ին։

«Հացի հետ կապված խնդիր այս պահին չունենք։ Հացը մարդիկ կարողանում են գնել անսահմանափակ քանակությամբ, միայն թե երբեմն, երբ որ հոսանքազրկումներ են լինում, հերթեր են գոյանում, մինչեւ հոսանքը նորից գա, արտադրամասում շարունակեն աշխատանքը։ Մրգերի ու բանջարեղենի գները տասնապատկվել են, եւ գյուղացին է բերքը բարձր գնով վաճառում, հետո էլ վերավաճառողը՝ շուկայում։ Մենք փորձում ենք վերահսկել դաշտը, բայց ամբողջապես չի ստացվում։ Դեղատները կիսադատարկ են, խանութների մեծ մասն էլ փակ, որովհետեւ ոչինչ չկա վաճառելու»,- ասաց Անահիտ Պետրոսյանը։

  • Կիսվել: