շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դադարել է Արցախից բռնի տեղահանվածների հոսքը ՀՀ. նրանց 75 տոկոսը տեղավորվել է մարզերում

Դադարել է Արցախից բռնի տեղահանվածների հոսքը ՀՀ. նրանց 75 տոկոսը տեղավորվել է մարզերում

Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է, թիվը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, թե հաշվառված քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շուրջ  99 տոկոս։

«Բռնի տեղահանվածերի շուրջ 75 տոկոսը՝ 75 հազար 472 մարդ, տեղավորվել են տարբեր մարզերում:  Արագածոտնում է գտնվում 3967 արցախցի, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8 հազար 44, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունքիում՝ 5444, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 3 հազար 139 արցախցի»,- նշեց Բաղդասարյանը։

Նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցավայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:

«Այժմ ընթանում է նրանց տեղավորման հարցն արդեն իսկ վարձակալած  բնակարաններում»,- ասաց վարչապետի խոսնակը։

Առաջիկա օրերի ընթացքում Կառավարությունը կհաստատի որոշում, որով կտրվի համապատասխան որոշումը՝ յուրաքանչյուրին 40 հազարական դրամ տան վարձակալության համար և 10 հազարական դրամ՝ կոմունալների համար: Այս աջակցությունը Հայաստանում բնակարան ունեցողների համար նախատեսված չէ:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ն առավել քան 50 հազար անձի բանկային քարտային տվյալներ փոխանցել է Միասնական սոցիալական ծառայությանը, այժմ տեղի է ունենում տվյալների համադրում: 

Այսօր որոշակի թվով բռնի տեղահանված արցախցիներ իրենց քարտային հաշվիվներին կստանան պետության կողմից տրված 100 հազար դրամները, բուն գործընթացը ավելի ինտենսիվ կմեկնարկի երկուշաբթիից։

  • Կիսվել: