հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չնայած շրջափակման ստեղծած խնդիրներին` ԱՀ ոստիկանությունն իր լիազորությունները կատարում է հավուր պատշաճի. խոսնակ

Չնայած շրջափակման ստեղծած խնդիրներին` ԱՀ ոստիկանությունն իր լիազորությունները կատարում է հավուր պատշաճի. խոսնակ

Արցախի պաշարման հետեւանքով ստեղծված իրավիճակը որոշակիորեն ազդել է նաեւ Ներքին գործերի նախարարության աշխատանքի վրա։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«Շեշտեմ, որ հովհարային անջատումները, վառելիքի սղությունը խախտել են մեր աշխատանքային գրաֆիկը և հատուկ միջոցառումների պլանը, բայց, մեծ հաշվով, դա չի ազդել նախարարության նպատակների վրա։ Մենք շարունակում ենք շուրջօրյա ծառայություն մատուցել Արցախի Հանրապետության տարածքում. մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում ոստիկանության ծառայողները և փրկարարները մշտապես վերահսկողության տակ են պահում հանրապետության օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև ապահովել ներքին անվտանգությունը»,-նշել է Հ. Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

«Անցած շաբաթ միայն մեկ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, տուժել են երկու քաղաքացիներ, ովքեր այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում են, բարեբախտաբար, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-նշել է նա։ Հ.Թադևոսյանը իրազեկել է, որ, անկախ ստեղծված իրավիճակից, պարեկապահակակետային ծառայության գումարտակի անձնակազմը մշտապես բնակչության կողքին է և կատարում է իր լիազորությունները:

«Ներքին անվտանգության ապահովումը վերապահված է Ներքին գործերի նախարարությանը: Եվ, չնայած վառելիքի պակասը որոշակի խնդիրներ է ստեղծել, բայց դա չի նշանակում, որ ոստիկանները բնակչության կողքին չեն, հակառակը, եղել են դեպքեր, երբ մեր ծառայողները ստիպված են եղել առանց փոխադրամիջոցի տեղ հասնել և կատարել իրենց վերապահված լիազորությունը: Դա մեր պարտականությունն է, և ոստիկանությունը այդ աշխատանքը, իսկապես, կատարում է հավուր պատշաճի։ Մեզ համար շատ կարևոր է միշտ դիտարկման տակ պահել Ստեփանակերտի անցուդարձը, քաղաքի ելումուտը։ Պատերազմից հետո առաջնագիծ են դարձել Թաղավարդը, Կարմիր Շուկան, Ասկերան քաղաքը: Ոստիկանության ծառայողները մշտապես այդ բնակավայրերում են, եւ կարծում եմ՝ նաև նրանց աշխատանքի շնորհիվ է, որ որևէ խնդիր առայսօր դեռ չի արձանագրվել»,-ընդհանրացրել է Հ. Թադևոսյանը։

  • Կիսվել: