հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չնայած դժվարություններին՝ Թումոն Արցախում շարունակում է գործունեությունը՝ ծրագրելով նոր նախագծեր

Չնայած դժվարություններին՝ Թումոն Արցախում շարունակում է գործունեությունը՝ ծրագրելով նոր նախագծեր

Ստեփանակերտի  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստվում է նոր ծրագրերի, որի շրջանակներում ուսանողները էլ ավելի հետաքրքիր ու կրեատիվ նախագծերի  են տիրապետելու:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թումոյի արցախյան գրասենյակի ղեկավար՝ Խաչատուր Հայրապետյանն տեղեկացրել  է, որ հուլիսին կկազմակերպվեն աշխատարաններ և հատուկ նախագծեր, որոնց  ընթացքում ուսանողները կսովորեն ստեղծել նվագող ռոբոտ:

Անդրադառնալով շրջափակման հետևանքով առկա խնդիրներին Թումոյի արցախյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ տրանսպորտային վառելիքի սղության պատճառով Հանրապետության  շրջաններից սովորողները դժվարություններ ունեն   մայրաքաղաք հասնելու և զրկված են   դասընթացներին մասնակցելու հնարավորությունից։

«Ծագած մի շարք խնդիրները կարողանում ենք լուծել տեխնոլոգիաների միջոցով՝ դասերը կազմակերպելով առցանց: Հովհարային անջատումները ևս խոչընդոտներ են հարուցում»,- մանրամասնում է Խաչատուր Հայրապետյանը:

Նրա խոսքով՝  շրջափակման ընթացքում  Թումո դպրոց հաճախողների թվի  աճ է նկատվել։

«Վաղուհասը, Շահմասուրը, Խրամորթը, Սպիտակաշենը, Նորշենն այն համայնքներն են, որտեղից ուսանողներ գրանցվեցին հենց շրջափակման  ընթացքում»,-նշել է Խ․Հայրապետյանը՝  հավելելով, որ Գետավան և Կարմիր Շուկա համայնքներում նախատեսվում են  նոր Թումո տուփեր տեղադրելու ծրագրեր, որոնք կընթացքավորվեն տրանսպորտային և անհրաժեշտ այլ միջոցների առկայության դեպքում :

  • Կիսվել: