ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չենք կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո․ բռնի տեղահանվածները պատմում են ապրած սարսափի մասին

Չենք կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո․ բռնի տեղահանվածները պատմում են ապրած սարսափի մասին

Արդեն մի քանի օր է, ինչ Գորիսի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, տեղական մարմինները, «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն ու բազմաթիվ կամավորականներ ջանք չեն խնայում, որպեսզի հոգան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքները։

Ինչպես Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կոորդինացիոն կենտրոնում հաշվառվում են, նրանց առաջարկվում են կեցավայրի տարբերակներ: Մարդկանց տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, տաք ծածկոցներ, անվասայլակներ: Առողջական խնդիրներ ունեցողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Այս օրերին կոորդինացիոն կենտրոնում են տարբեր երկրներից ժամանած լրագրողներ։ Ամիսներ շարունակ ԼՂ անօրինական շրջափակման մասին լռող արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն այսօր փորձում են ներկայացնել իրավիճակը Գորիսից, վավերագրել կատարվողն ու միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ծավալվող հումանիտար աղետի վրա։

HM2_2150.JPG (411 KB)

Բռնի տեղահանված արցախահայերին օգնություն են ցուցաբերում նաև գորիսեցիները: Բազմաթիվ տների առջև տեղադրված են սեղաններ: Արցախահայերին առաջարկում են տաք սնունդ՝ առաջնահերթ հոգածություն ցուցաբերելով երեխաներին, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց:

HM2_2516.JPG (817 KB)

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շատ հաճախ չեն ցանկանում լուսանկարվել, նախընտրում են հաղորդակցվել և զրուցել առանց տեսախցիկների։ Նրանք հատկապես տհաճությամբ են հիշում, թե ինչպես են Հաքարիի անօրինական անցակետում ադրբեջանցիները տեսանկարահանում և լուսանկարահանում բոլորին։

HM2_2744.JPG (478 KB)

Ստեփանակերտի բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Ելենա Միրզոյանի ամուսինը 44-օրյա պատերազմի ժամանակ որպես կամավորական կռվել ու զոհվել էր Մարտունիում: Երբ այս սեպտեմբերին Ստեփանակերտում հնչեցին առաջին հրետակոծությունները, Ելենան գտնվում էր աշխատավայրում՝ մաշկավեներոլոգիական դիսպանսերում: Նա պատմում է, թե ինչպես է ահաբեկված շտապել տուն՝ փորձելով գտնել դպրոցական երեխաներին, սակայն բջջային կապն արդեն հասանելի չի եղել:

«Բարեբախտաբար, երեխաներս դպրոցից եկան տուն, և մենք իջանք ապաստարան, որտեղ քաոսային իրավիճակ էր: Բոլորն ահաբեկված արտասվում էին՝ վախենալով հնարավոր պայթյուններից: Փորձում էինք հանգստացնել երեխաներին»,- պատմեց Ելենան՝ նկատելով, որ ապրելու պայմաններն իսկապես ահավոր էին դարձել, ուստի երբ հրադադարից հետո հնարավորություն եղավ գալ Հայաստան, նրանք հարևաններով որոշում կայացրին տեղափոխվել։ «Տեղահանվում էին նաև Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակիչները: Ցուրտ եղանակի պայմաններում նրանք պարզապես ապրելու տեղ չունեին»,- հիշում է նա։

Ինչպես այս օրերին Լեռնային Ղարաբաղից բոլոր տեղափոխվողներին՝ Ելենային ևս Գորիսի կոորդինացիոն կենտրոնում կեցավայրի մի քանի տարբերակ են առաջարկել։ Թե ուր կտեղափոխվի, դեռևս չի որոշել։  

Բռնի տեղահանվածներից Կ.Կ.-ն 11 տարի ծառայել է ԼՂ պաշտպանության բանակում։  Երբ սկսվեց ադրբեջանական ագրեսիան, նա զինակից ընկերների հետ իրականացնում էր մարտական հերթապահություն՝ պաշտպանելով Շոշ և Մաճկալաշեն գյուղերը: Նրա կինը նորածին երեխայի հետ գտնվում էր Մարտունիում, որտեղ չկար ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջեռուցում:

«Մեր նորածին երեխային լողացնելու համար ջուր տաքացնելու հնարավորություն չունեինք: Քաղաքից տարհանվում էին նաև բուժաշխատողները, դեղատներում նույնիսկ ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցներ չկային: Սնունդ հայթայթելը դարձել էր գրեթե անհնար: Ապրելու տարրական պայմաններն իսպառ բացակայում էին»,- ասաց մեր զրուցակիցը, ով ևս դեռ չի որոշել, թե ընտրելու է պետության կողմից իրենց առաջարկվող կեցավայրի տարբերակը, թե գնալու է Մասիս քաղաքում բնակվող բարեկամների մոտ:

Պատմաբան, սոցիոլոգ Իշխան Դանիելյանը Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից է: Նրան համագյուղացիների հետ տառացիորեն հանել են հրետակոծությունների տակից: Տարհանումն արդյունավետորեն իրականացրել է գյուղապետարանը՝ ռուս խաղաղապահների օգնությամբ: Դանիելյանի հարազատների ու բարեկամների քառասուն հոգանոց խումբը Հայաստան է հասել՝ տեղավորվելով բեռնատարի թափքում, վերցնելով առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Ադրբեջանական ագրեսիայից առաջ Մեծ Շենում բնակվում էր ավելի քան 250 բնակիչ: Հրադադարի հաստատումից հետո բոլորն էլ որոշել են տեղափոխվել Հայաստան:

«Ես Սոցիոլոգների ռուսական միության և միջազգային ասոցիացիայի անդամ եմ, գործընկերներիս հանգամանորեն ներկայացրել եմ ԼՂ-ում տիրող իրավիճակը: Նրանք երևակայել չեն կարող, թե ինչպիսի վայրագություն է տեղի ունենում մեզ հետ: Վերադառնալու մասին չենք մտածում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վերջնականապես իրեն ենթարկել Արցախը, իսկ մենք չենք կարող ապրել ադրբեջանական գերիշխանության պայմաններում: Հույս ունեմ, որ այստեղ կօգտագործվի արցախահայերի ներուժը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, քանի որ արցախահայերը կարողանում են արդյունավետորեն ինտեգրվել հայաստանյան հասարակությունում»,- նշեց Դանիելյանը:

uuuuuu.png (2.62 MB)

Գագիկ Կարապետյանն էլ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է: Երկու օր շարունակ հայտնվել է հրետակոծությունների ներքո, անցել աննկարագրելի զրկանքների ու դժվարությունների միջով: Հրադադարի հաստատումից հետո որոշել է տեղափոխվել Հայաստան: Կարապետյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական ագրեսիայից առաջ միայն Հաթերքում հաշվառված էր ավելի քան 1700 մարդ, սակայն այսօր արդեն բոլորը տարհանվել են։

  • Կիսվել: