ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չէ, ի՞նչ կոալիցիա, այս պահին ինչ-որ մեկի դեմ կոալիցիա ձևավորելու հարց չկա. Դավիթ Բաբայան

Չէ, ի՞նչ կոալիցիա, այս պահին ինչ-որ մեկի դեմ կոալիցիա ձևավորելու հարց չկա. Դավիթ Բաբայան

2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ այս պահին ինչ-որ մեկի դեմ կոալիցիա ձևավորելու մասին քննարկումներ չկան, Primenews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ, ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացրած Դավիթ Բաբայանը։

Բաբայանի խոսքով, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի միջև այժմ քննարկումներ, կոնսուլտացիաներ են ընթանում։ Այդուհանդերձ, Բաբայանը չբացառեց կոալիցիայի ստեղծման հնարավորությունը, սակայն պնդեց, որ այն չի կարող լինել ինչ-որ մեկի դեմ։

«Կոալիցիա ինչ-որ մարդու դե՞մ, դա ճիշտ չէ։ Ընդհանրապես, կոալիցիաները ստեղծվում են տարբեր նպատակների համար՝ ռազմավարական, մարտավարական խնդիրներից ելնելով։ Այս պահի դրությամբ դեռևս նման հարց օրակարգում չկա։ Կան կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի միջև, բայց խոսել կոալիցիա ձևավորելու մասին, դեռ վաղաժամ է։ Երկու-երեք ամսից միգուցե նման բաներ լինեն»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Դիտարկմանը, թե իր անունը ևս շրջանառվում է այդ հնարավոր կոալիցիայի կազմում, Բաբայանը պատասխանեց. «Այսօր ես էլ եմ կարդացել, բայց չէ, ի՞նչ կոալիցիա։ Որևէ մեկի դեմ կոալիցիա չի ձևավորվի»։

Նկատենք՝ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արցախի գործող իշխանական էլիտան՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, ցանկանում է ստեղծել նոր կոալիցիա, որը 2020թ. խորհրդարանական ընտրություններին հանդես կգա նախագահի միասնական թեկնածուով եւ պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակով:

«Այս կոալիցիային կարող են մաս կազմել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, Արցախի պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է, եւ իշխանության աջակցությամբ ստեղծված էլի մի քանի կուսակցություններ:

Այս ուժերի նախագահի միասնական թեկնածուն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է: Նրա թեկնածությունը կպաշտպանեն նաեւ նախկին եւ ներկա ուժայիններ, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը:

Այս համախմբման նպատակը Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխելն է, ով ունի Արցախի ժողովրդի և Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Ավելին՝ այս ուժերը փորձելու են հասնել նրան, որ Հարությունյանը ընդհանրապես հրաժարվի նախագահի թեկնածու առաջադրվելուց, և հանդես գա իրենց թեկնածուի պաշտպանությամբ», գրել էր թերթը։

 

  • Կիսվել: