հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բուլղարիայում  ՀՀ դեսպանը հորդորել է միջոցառման ժամանակ չհիշատակել Արցախը և չբարձրացնել Արցախի դրոշը․ աղբյուր

Բուլղարիայում  ՀՀ դեսպանը հորդորել է միջոցառման ժամանակ չհիշատակել Արցախը և չբարձրացնել Արցախի դրոշը․ աղբյուր

Վերջերս բուլղարական Պլիսկա քաղաքում Կիրիլյան տառերի թանգարան-համալիրի տարածքում գտնվող գրողների պուրակում հայ մեցենատ Կարեն Ալեքսանյանի հովանու ներքո տեղի ունեցավ բուլղարահայ գրող Հակոբ Մելքոնյանի և արցախցի գրող Լեոնիդ Հուրունցի կիսանդրիների բացման արարողությունը։

Արարողությանը ներկա էին բուլղարացի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի թեմի առաջնորդը, Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Սակայն տարօրինակաբար միջոցառումը իր ներկայությամբ չէր պատվել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։

Ինչպես PrimeNews-ին հայտնեցին իր աղբյուրները, դեսպանը ոչ միայն հրաժարվել էր ներկա գտնվել այդ հիշարժան արարողությանը, այլև հորդորել էր, որպեսզի միջոցառման ընթացքում չհիշատակվի Լեռնային Ղարաբաղը և չբարձրացվի նրա պետական դրոշը դիվանագիտական սկանդալից խուսափելու համար։

Ի հեճուկս դեսպանի «հորդորներին», կազմակերպիչները այդուհանդերձ ընդգծել են, որ Հուրունցը ծագումով արցախցի գրող է, ավելին միջոցառման ժամանակ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի դրոշը, իսկ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոսը ողջունել է ազատ, անկախ Արցախի ներկայացուցիչներին։

Այս ամենը ջերմ ընդունելության է արժանացել ներկաների կողմից, դիվանագիտական սկանդալ, ինչպես նախատեսում էր դեսպանը, դրան չի հաջորդել։

Նշենք, որ նույն օրը, նույն վայրում տեղի է ունեցել բելառուս գրող Յանկա Կուպալայի կիսանդրու բացումը։ Այս դեպքում միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր Բուլղարիայում Բելառուսի դեսպանը և դեսպանատան ողջ անձնակազմը։ Ավելին միջոցառումը, որպես բելառուս ժողովրդի համար նշանակալի իրադարձություն լայնորեն լուսաբանվել է բելառուսական մամուլի կողմից։     

 

 

  • Կիսվել: