կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն․ «Փաստ»

Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ առանձին շրջանակներ, անհատներ արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ բացասական տրամադրություններ են գեներացնում: Սակայն, բարեբախտաբար, իրականում նրանք չնչին են՝ թե՛ քանակով, թե՛ էությամբ: Իսկ մեր ազգի մեծամասնությունը հնարավորության սահմաններում իր աջակցությունն է բերում բռնի տեղահանված արցախցիներին: Ճիշտ է, արցախցիների տեղավորման, նրանց համար անհրաժեշտ պայմանների առաջին պատասխանատուն պետությունն է, սակայն տասնյակ հազարավոր անհատներ, կազմակերպություններ իրենց ներդրումն են ունենում, որոնց ժամանակի ընթացքում պարբերաբար կանդրադառնանք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ամենօրյա ռեժիմով լինելով բռնագաղթյալ մեր հայրենակիցների կողքին:

Մեր Արցախցիների համար նախատեսված լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ընդ որում, քանի որ ծրագիրը բավական մեծ է, այն կատարվում է փուլային տարբերակով: 1500 արցախցիների կացարանով ապահովելու մասին է հայտարարել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Մեր տեղեկություններով, սակայն, ծրագրերը միայն կացարանով չեն սահամանափակվի:

Կապի օպերատորներից Team Telecom Armenia-ն 6 ամիս անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ IDBank-ը հայտարարել է հերթական IDream կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Զգալի ծրագրեր է իրականացնում մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը. մեր տեղեկություններով, ծրագրերը շարունակական են, ընդ որում՝ ոչ միայն կապված արցախցի բռնագաղթյալների հետ:

Արցախցի մեր հարենակիցներին աշխատանքի առաջարկներ են արել մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «Երևան սիթին», «Զովքը», «Դոմուսը», «Արտաշատ-Վինկոնը», Փաստաբանների պալատը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Արտ լանչը», դարձյալ նույն IDBank-ը, «Աթենք» ընկերությունը և բազմաթիվ այլ կազմակերպություններ: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ևս իր թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Զուգահեռ ստեղծված են աջակցության տարբեր հարթակներ, որտեղ ի մի են բերվում տարբեր ծրագրեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: