ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախկին պետնախարարը հիշեցրել է ԱՄՆ դեսպանին, թե ինչպես էին ժամանակին ամերիկացիները պայքարում իրենց անկախության համար Բրիտանիայի գաղութատիրությունից

Արցախի նախկին պետնախարարը հիշեցրել է ԱՄՆ դեսպանին, թե ինչպես էին ժամանակին ամերիկացիները պայքարում իրենց անկախության համար Բրիտանիայի գաղութատիրությունից

Ցավալի է լսել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման կարևորագույն հավաքական իրավունքը և կարծես թե չի հասկանում, և նրա համար միևնույն է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

՛՛Պարզ է, որ ոչ մի անվտանգություն կամ իրավունք չի կարող երաշխավորվել Ադրբեջանի բռնապետական ենթակայության պայմաններում, և նման սխալ հայտարարությունները միայն խրախուսում են հետագա հանցագործությունները:

Հ. Գ. Շնորհավոր ԱՄՆ Անկախության օրը, տիկին դեսպան:

Այս խորհրդանշական օրը թույլ տվեք համարձակություն հավաքել և հարցնել Ձեզ, թե ինչու ամերիկացիները չկարողացան անվտանգություն և իրավունքներ ձեռք բերել բրիտանական գաղութատիրության օրոք, չնայած որ նրանք նույն էթնիկ և կրոնական ծագումն ունեին և Ամերիկայի բնիկ չէին՝ ի տարբերություն Արցախի ժողովրդի:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի պատմությունը, արժեքները և ազատությունների ու իրավունքների վրա շեշտադրումը՝ միանգամայն բնական է թվում աջակցել Արցախի ժողովրդի պայքարին հայրենի հողում սեփական ազատությունների ու իրավունքների համար:

Բրիտանիան Ադրբեջանից վատը չէր, իսկ ամերիկացիներն Արցախի ժողովրդից լավը չէին՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ դեսպանն արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին ասել էր. ՛՛Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է՛՛:

  • Կիսվել: