կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում բոլոր պայմանագրային զինծառայողներին բնակպայմանների բարելավման ծրագրերից օգտվելու հնարավորություն կընձեռվի

Արցախում բոլոր պայմանագրային զինծառայողներին բնակպայմանների բարելավման ծրագրերից օգտվելու հնարավորություն կընձեռվի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում նախօրեին քննարկվել և ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրինագիծը, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Իննա Իշխանյանը մանրամասնել է, որ գործող օրենքով սահմանվում է զինծառայողների՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքները և կարիք ունեցող չհամարվելու պայմանները, ինչպես նաև բնակարան հատկացնելիս հաշվի առնվող ընտանիքի անդամների ցանկը, ինչը նպատակահարմար չէ կարգավորել օրենսդրական ակտով, քանի որ նշված պայմանների փոփոխության դեպքում և բարելավող նորմերի սահմանման համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ: ՈՒստի նպատակահարմար է այն մանրամասն կարգավորել համապատասխան ենթաօրենսդրական ակտով:

Միաժամանակ օրենքի նախագծով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի ոչ միայն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, այլև բոլոր պայմանագրային զինծառայողներին:

  • Կիսվել: