հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչները մեծ ջանքեր են գործադրում շրջափակման հարուցած խնդիրներն ինչ-որ չափով հաղթահարելու համար. համայնքապետ

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչները մեծ ջանքեր են գործադրում շրջափակման հարուցած խնդիրներն ինչ-որ չափով հաղթահարելու համար. համայնքապետ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչները մեծ ջանքեր են գործադրում՝ շրջափակման հարուցած խնդիրներն ինչ-որ չափով հաղթահարելու համար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նորագյուղ համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանն ասել է, որ վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ կարողացել են ավարտին հասցնել գարու և ցորենի հունձը:

«Այս տարի բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ չեն, բերքի որակն էլ իր հերթին բարձր չէ` եղանակային պայմաններից ելնելով: Սակայն պետք է նշեմ, որ, նախորդ տարվա համեմատ, համայնքում երկու անգամ աճել է ջերմոցների քանակը, կատարվել է մեծ ծավալի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս: Ուրախալի փաստ է, որ բերքը չի տուժել կարկտահարությունից և բավարարում է բնակիչների պահանջները, ավելին` վաճառքի են հանում»,-մանրամասնել է Վ.Պետրոսյանը:

Համայնքապետի խոսքով` այս օրերին շրջվարչակազմի աջակցությամբ համայնքում փորձում են լուծել հացի սղության խնդիրը: Ծրագրում են ունեցած ցորենից ալյուր ստանալ, ու յուրաքանչյուր ընտանիք իր տանը հաց կթխի: Համայնքում փորձում են բավարարվել եղած մսի պաշարներով: Վառելիք չունենալու պատճառով խոտի դեզերը արոտավայրերից գյուղ հասցնելու հետ կապված ևս խնդիրներ կան:

«Բուժկետն ու դեղատունը եղած պաշարներով դեռևս շարունակում են օգնել համագյուղացիներին: Մանկապարտեզն էլ ունեցած միջոցներով շարունակում է գործունեությունը: Բնակիչները չեն ուզում կորցնել հույսը, որ Բերձորի միջանցքը կբացվի, կունենանք ազատ տեղաշարժի հնարավորություն և կլուծվի պարենամթերքի խնդիրը»,-ընդհանրացրել է Նորագյուղի համայնքապետը:

  • Կիսվել: