«Բնակիչների շրջանում չեմ լսել, որ մեկը տրտնջա, դժգոհի, ասի՝ ճանապարհը բացեն՝ ես գնալու եմ. չկա նման բան». Կիչանի գյուղապետ
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը, որը պատերազմից հետո մշտապես թշնամու թիրախում է եղել, այսօր էլ շարունակում է դիմակայել նրա սադրանքներին՝ արդեն Ադրբեջանի կողմից շրջափակված վիճակում։
168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ բնակիչները թշնամու սադրանքներին սովոր են, այս ամենը նրանց համար սպասելի էր, սակայն արդեն չեն պատրաստվում այդ ամենը հանդուրժել։
«Գյուղում դեռ կարողանում ենք եղած խնդիրները լուծել։ Բնականաբար, Լաչինի միջանցքի փակ լինելը տարբեր խնդիրներ է ստեղծում բոլորիս համար, բայց դեռ այնպես է, որ կարողանում ենք խնդիրը լուծել, չգիտեմ՝ որքան այսպես կշարունակվի, ու մենք որքան ի վիճակի կլինենք առաջ գնալու»,- նշեց Կիչանի գյուղապետը։
Ըստ Կիչանի գյուղապետի, պատերազմից հետո թշնամու սադրանքներն ամենօրյա բնույթ են կրում, և Լաչինի միջանցքի փակումը այդ սադրանքների տրամաբանական շարունակություն է, որը նաև ռուս խաղաղապահների դեմ է ուղղված։