կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արցախ ուղևորվող բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ

Արցախ ուղևորվող բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ

Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով 400 տոննա բեռով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։

«Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով», - լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Նա ասաց, թե կարծում է, որ օգնությունը Արցախ հասցնելու հետ կապված խնդիր չի առաջնա։

Սարգսյանն ասաց, թե հումանիտար օգնության բեռնատարները 19-ն են։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք, դեղորայք չկա։

«Մեր հիմնական նպատակն այս պահին մեր հիմնական բեռը տեղը հասցնելն է»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Նշենք, որ բեռնատարները նախքան ուղևորվելը բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ։ Այստեղ է նաև ՌԴ դեսպանի խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

  • Կիսվել: