չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բերդաշենում կարտոֆիլի աննախադեպ ցանքս են կատարել

Բերդաշենում կարտոֆիլի աննախադեպ ցանքս են կատարել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով 5-6 հեկտար կարտոֆիլ է ցանել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը։ «Բարեգործական ծրագրով մեկ ընտանիքին տրամադրվել է 6 կիլոգրամ սերմ։ Բացի այդ գյուղացիներն օգտվել են նաեւ համապատասխան պետական աջակցության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերից։ Բավականին ծավալուն ցանքս է իրականացվել տնամերձ հողամասերում»,- մանրամասնել է համայնքապետը։

Նրա խոսքով` համայնքի վարելահողերը հիմնականում արտեզյան ջրերով են ոռոգվում, սակայն էլեկտրամատակարարման անջատումների ժամանակ խնդիրներ են առաջանում։ Ըստ մեր զրուցակցի` համայնքի վարելահողերի միայն 12-13 տոկոսն է ոռոգվում։

«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,-համոզված է Գ. Պողոսյանը։ Նա գոհունակությամբ նշեց, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։

«Այս պահին արդեն տնկել եւ մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով , որ շարունակվում է գարնանանացանը, որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի` մասնավորապես վարունգի, ձմերուկի եւ սոխի սերմերն են հողին պահ տվել։

Հիշեցնենք, որ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 30-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող բերդաշենցի խաղաղ բնակչի ուղղությամբ:

  • Կիսվել: