երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC

Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ օրերս կարող է հասնել 120 հազարի։ Սա մոտավորապես համապատասխանում է հայկական անկլավի ողջ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին, գրում է BBC-ն։

Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած և վախեցած մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվել Հայաստանի գրանցման կենտրոններում, որտեղ ընդունում են փախստականներին, որոնք փաստացի ինը ամիս ապրել են շրջափակման մեջ։

«Մենք պատրաստ ենք ընդունել մինչև 120 հազար մարդու, բայց հիմա, այս փուլում, շատ դժվար է կանխատեսել, թե քանի հոգի կլինեն»,- վստահեցրել է Կավիտա Բելանին՝ պատասխանելով փախստականների թվի մասին հարցին:

Նա նաև պարզաբանել է, որ ի սկզբանե Երևանը ակնկալում էր ընդունել 70-90 հազար փախստական, սակայն այդ թվերը թարմացման կարիք ունեն։

Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը երեխաներ են, լրագրողներին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա դե Դոմինիսիսը։

«Մեզ ամենաշատը մտահոգում է այն, որ [այս երեխաներից] շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից», - ավելացրել է նա:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Հիշամ Դիաբի խոսքով, տեղահանվածներից շատերը՝ և՛ մեծահասակները, և՛ երեխաները, լիովին հյուծված են և հրատապ հոգեբանական աջակցության կարիք ունեն։

«Քիչ չեն այն ընտանիքները, որտեղ երեխաներն այնքան թույլ են, որ նրանք պարզապես կորցնում են գիտակցությունը հենց իրենց ծնողների գրկում», - ասել է նա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավարներից մեկի՝ Կառլոս Մորազանիի խոսքով, ապագայում Կարմիր Խաչը կենտրոնանալու է Ղարաբաղում դեռևս մնացածներին օգնություն տրամադրելու վրա։ Նրանց կուղարկվեն անհատական ​​փաթեթներ, որոնք ներառում են հիմնական սննդամթերք և անձնական հիգիենայի պարագաներ։

«Մենք ակնկալում էինք, որ տարհանման գործընթացը ավելի երկար կտևի», - խոստովանել է նա: «Չնայած այս շաբաթ մենք կարողացանք շատ մարդկանց տարհանել, նրանցից շատերը արդյունքում հայտնվել են անելանելի վիճակում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: