երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բաքվից կապ են հաստատել ու սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի. Սամվել Բաբայանի հայտարարությունը

Բաքվից կապ են հաստատել ու սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի. Սամվել Բաբայանի հայտարարությունը

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորել է Արցախի նոր նախագահին և մաղթել, որ անշեղ հավատարմությամբ իրականացնի իր առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը.

«Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:

Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։

Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագիրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտարերկրյա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը, որպես քաղաքական հակակշիռ, իմ ղեկավարությամբ շարունակելու է իրացնել իր ներկայացուցչական մանդատը։ Իսկ դեմքերի և դեպքերի օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալու»,- ասվում է Սամվել Բաբայանի հայտարարությունում:

  • Կիսվել: