ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բաքվի նպատակն է՝ Արցախի ժողովրդից ստանալ այն, ինչ հնարավոր է. ԱՀ պետնախարար (տեսանյութ)

Բաքվի նպատակն է՝ Արցախի ժողովրդից ստանալ այն, ինչ հնարավոր է. ԱՀ պետնախարար (տեսանյութ)

Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ գերուց, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է: Այս մասին այսօր Հանրային ալիքի եթերում ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն հարցերը, որոնք բխում են իրենց շահերից։ Մենք կարող ենք ունենալ բանակցություն, շփում և հանդիպումներ կոնկրետ հարցեր լուծելու համար. այս երեքի համար էլ չունենք անհրաժեշտ պայմաններ։

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ադրբեջանցիները հավանաբար հետապնդել են, իրենց դիրքից իջնելով՝ կատարել են այդ ահաբեկչական գործողությունը։ Սա ահաբեկչական գործողություն է, սրանով ադրբեջանցիներն ուզում են ցույց տալ, որ Արցախը կապ չի կարող ունենալ արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ էր, որ այդ մեքենան դատարկ էր, սուտ ու անհիմն են Բաքվի պնդումները, որ իբր մեքենայով Հայաստանից զենք էր տեղափոխվում։ Դեպքը շփման գծի մոտ էր, Ստեփանակերտից 6-7 կիլոմետր հեռավորության վրա՛՛:

Պետնախարարը նաև հավելեց, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։

Ներսիսյանը հարցազրույցի ժամանակ ընդգծեց նաև, որ ո՛չ զիջելու, ո՛չ չպայքարելու որևէ հնարավորություն չկա, միակ ճանապարհը սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ։ ՛՛Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը սա պետք է հասկանան՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: