կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի նշանակման կամ պաշտոնանկության հետ, Արցախում տասնամյակներ շարունակ բոլորի կողմից առաջ է մղվել մի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ռուբենը այս առումով նոր բան չի ասել․ Դավիթ Բաբայան

Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի նշանակման կամ պաշտոնանկության հետ, Արցախում տասնամյակներ շարունակ բոլորի կողմից առաջ է մղվել մի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ռուբենը այս առումով նոր բան չի ասել․ Դավիթ Բաբայան

Բաքուն չի կարող որևէ առնչություն ունենալ Արցախի ներքին հարցերի վրա, նա որևէ մեխանիզմ դրա համար չունի։ Այս մասին իր ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականին և դա Բաքվի ճնշման հետ կապելու լուրերին։

«Եթե հանկարծ Արցախում լինեն պաշտոնանկություններ, ինչո՞ւ պետք է դա կապ ունենա Բաքվի հետ։ Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի նշանակման, պաշտոնավարման կամ պաշտոնանկության հետ»,- նկատել է Բաբայանը։

Նա ընդգծել է, որ խնդիրը պետք է ճիշտ ձեւակերպել․ Արցախում գոյություն ունի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Եվ սա տասնամյակներ շարունակ մեր մոտեցումն է, պետք չէ սա կապել մեկ մարդու հետ։ Դա բոլորիս մոտեցումն է։ Եվ Ռուբենը որեւէ նոր բան այս առումով չի ասել»,- գրել է նա։

Նշենք, որ նախօրեին Արցախի Ազգային ժողովի իշխող «Միասնական հայրենիք - ՔՄԴ» ֆրակցիայի նախագահ Արթուր Հարությունյանը InfoPort.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին օրերին Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության հետ կապված քննարկումներ կան Արցախում և դրանց արդյունքը պարզ կդառնա առաջիկայում։

Նշենք, որ ըստ InfoPort.am-ի արցախյան աղբյուրների, Վարդանյանի հրաժարականի դեպքում այդ պաշտոնը կզբաղեցնի ԱՀ ներկայիս գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

  • Կիսվել: