երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բաքուն հենց ինքը հերքեց Արցախի որոշ շրջանակների կողմից տարածվող այն թեզը, թե իբր ԱՀ իշխանությունները ընդունել են նրա առաջարկները. Քաղաքագետ

Բաքուն հենց ինքը հերքեց Արցախի որոշ շրջանակների կողմից տարածվող այն թեզը, թե իբր ԱՀ իշխանությունները ընդունել են նրա առաջարկները. Քաղաքագետ

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ -ի` Արցախի հայերի վերաինտեգրման վերաբերյալ հայտարարությանը, մասնավորապես նշել է.

«Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»։ Ըստ Ռիա Նովոստի գործակալության այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Հայտարարության բովանդակությունից կարելի է ենթադրել, որ լիակատար շրջափակման միջոցով Բաքուն ոչ միայն փորձում է ամբողջական, կամ մասնակի հայաթափել Արցախը, այլ նաև զրկելով Հայաստանից մատակարարվող կենսական գոյատեւման համար բոլոր անհրաժեշտ միջոցներից` ստիպել արցախահայությանը ընդունել այդ միջոցների մատակարարումը Ադրբեջանից և դա միջազգային հանրությանն ու Ստեփանակերտի հետ երկխոսություն հորդորող միջնորդներին ներկայացնել որպես ինտեգրման գործընթաց։

Սա ավելի քան հաստատվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հայտարարության մեջ հետևյալ պնդմամբ` «Ղարաբաղի հայ բնակիչների շահերը ներկայացնող անձինք ամեն կերպ հրաժարվում են Բաքվի առաջարկած օգնությունից»։

Փաստորեն Արցախի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ինչ-ինչ խողովակներով (հավանաբար հենց խաղաղապահ ուժերի հրամանատարության միջոցով) նման ազդակներ, կամ հենց կոնկրետ առաջարկներ է ուղարկվել Ստեփանակերտին, որոնք չեն ընդունվել։ Այս հայտարարությունը գործնականում բացառում է նաև Արցախի որոշ քաղաքական շրջանակների կողմից օրակարգ բերված այն թեզը, թե իբր Արցախի իշխանությունները ընդունել են Բաքվի առաջարկներն ու շարժվում են այդ տրամաբանությամբ, իրականում ներքաղաքական շահերի սպասարկման նպատակով շրջանառվող նման թեզերը հերքվում են նաև Ադրբեջանի կողմից հետեւողական քաղաքականության արդյունքում։

Ադրբեջանի ԱԳՆ այս հայտարարության քաղաքական բովանդակությունից կարելի է նաև ենթադրել, որ դրա հասցեատերը ոչ թե սեփական, կամ հայ, այլ միջազգային հանրությունն է` ցույց տալու, իբր Արցախի իշխանություններն են խոչընդոտում Բաքվի և «հայ համայնքի» միջև «վերաինտեգրման» գործընթացին»,- գրել է նա։

  • Կիսվել: