երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բաքուն չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը․ փորձագետները՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի մասին

Բաքուն չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը․ փորձագետները՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը, փաստացի դեռ դեկտեմբերին էր տեղադրվել, հիմա պարզապես ֆորմալացվել է:

Քաղաքագետը նման տեսակետ հայտնեց ապրիլի 25-ին կայացած քննարկմանը։ 
 
«Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում անցակետ էին տեղադրել, սակայն այն անցակետ չէր անվանվում: Ադրբեջանի կառավարությունը ինչ-որ մարդկանց էր ուղարկել, որոնք այնտեղ կանգնած՝ ում ուզում թողնում, ում ուզում՝ չէին թողնում տեղաշարժվել: Հիմա այդ իրավիճակի ձևակերպումն է, այդ մարդիկ կոչվելու են Ադրբեջանի սահմանապահներ»,- ասաց Իսկանդարյանը: 
 
Նրա համոզմամբ՝ սա Ադրբեջանի հետևողական ռազմավարությունն է՝ ճնշում Հայաստանի Հանրապետության վրա իր համար ցանկալի արդյունքներին հասնելու համար։
 
«Ադրբեջանն իրեն հասանելի բոլոր միջոցներով ճնշում է գործադրում հայկական կողմի վրա․ նախ հայտարարում էր՝ Ղարաբաղ գոյություն չունի, հիմնախնդիրը գոյություն չունի, հիմա էլ «Լեռնային» բառը չի օգտագործում։ Սահմանային միջադեպերը նույնպես ճնշում են հայկական կողմի վրա»,- նշեց նա։
 
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ հիշեցրեց՝ Ալիևը անցակետ տեղադրելու մասին ազդարարել էր երկու ամիս առաջ, մյունխենյան հանդիպումից հետո: Նա հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում Հայաստանի հետ սահմանին պետք է անցակետ տեղադրվի, և Արցախի շրջափակումը, ըստ նրա,  հենց այս նպատակով էր։ 
 
Նա ընդգծեց՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, և հիմա նույնիսկ նոր նարատիվ է առաջ քաշում՝ Ադրբեջանի Սահմանադրությունը գերակա է բոլոր հայտարարություններից և պայմանավորվածություններից:
 
«Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային կետը, դա կասկածի տակ է դնում մեր տարածաշրջանի այժմյան և հետագա բոլոր գործընթացները, որովհետև անիմաստ է խոսել ինչ-որ գործընթացների մասին, որոնց հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, եթե առանցքային կետը Բաքուն չի կատարում»,- ասաց նա։ 
 
Գրիգորյանի կարծիքով՝ նաև խաղաղության պայմանագրի և այլ գործընթացների մասին բոլոր խոսակցությունները դառնում են անհասկանալի, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջը, որն ընդամենը երեք տարի առաջ է ստորագրվել, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ որևէ նոր փաստաթուղթ կամ նոր գործընթաց կարող է որակապես փոխել իրավիճակը տարածաշրջանում և նպաստել տարածաշրջանում կայունությանը։

  • Կիսվել: