ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բալասանյանի հետ հանդիպում չի եղել, բայց եթե ցանկություն ունենան կոնսուլտացիա անցկացնել, մենք բաց ենք. Հարությունյանի խոսնակ

Բալասանյանի հետ հանդիպում չի եղել, բայց եթե ցանկություն ունենան կոնսուլտացիա անցկացնել, մենք բաց ենք. Հարությունյանի խոսնակ

«Մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում խորհրդարան մտած քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների առաջին փուլը համարում ենք ավարտված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ում դիտարկմամբ անցկացված խորհրդակցություններն արդյունավետ էին։

Պողոսյանն ընդգծեց՝ առաջիկայում կամփոփեն վերջնական արդյունքները, ինչից հետո կմեկնարկեն երկրորդ փուլի հանդիպումները. «Ինչու՞ եմ այժմ նշում ավարտված, որովհետև այն քաղաքական օրակարգը, որը մենք նախապես հրապարակել էինք ու որի մասին հայտարարել էինք, հետաքրքրություն առաջացրեց երեք ուժերի՝ ԱԺԿ-ի, ՀՅԴ-ի և «Միասնական հայրենիք»-ի մոտ։ Ուստի, մենք հանդիպումներ ունեցանք այդ երեք ուժերի հետ»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ որևէ արձագանք և հետաքրքրություն չի եղել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը պաշտպանած «Արդարություն» կուսակցության կողմից, որը խորհրդարանում երեք մանդատ է ստացել. «Այդ պատճառով տվյալ կուսակցության հետ այս փուլում որևէ հանդիպում,  քաղաքական կոնսուլտացիա նախատեսված չէ։ Եթե հետագայում նրանք ցանկություն  կունենան կոնսուլտացիա անցկացնել մեզ հետ, մենք բաց ենք»։

 

Հարցին՝ քաղաքական կոնսուլտացիաները միտվա՞ծ են կոալիցիա կազմելուն, Պողոսյանն արձագանքեց. «Ո՛չ։ Ընդհանուր համագործակցությանը՝ ծրագրային հիմնադրույթների ու երկրի առաջ ծառացած մարտահրավերները համընդհանուր ուժերով դիմագրավելու շուրջ։ Ինչպես նշեցի, երեք քաղաքական ուժերի հետ բավականին ակտիվ քննարկումներ ենք ունեցել ու պատրաստվում ենք, այդ քննարկումների արդյունքներից ելնելով, շարունակել խորհրդակցությունները։ Կրկնեմ՝ քանի որ «Արդարություն» կուսակցության կողմից որևէ արձագանք չի եղել, այս փուլում այդ քաղաքական ուժի հետ հանդիպում չի լինի»։

Հետաքրքրվեցինք՝ հրավիրել են, իսկ «Արդարությունը» մերժե՞լ է. «Ոչ թե հրավիրել ենք, այլ հրապարակայնացրել ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը և այն օրակարգը, որի շուրջ պատրաստ ենք խորհրդակցություններ անցկացնել։ Երեք խորհրդարանական, և մի շարք արտախորհրդարանական ուժերի կողմից ստացել ենք արձագանքներ, հանդիպելու պատրաստակամություն։ Առաջիկայում կլինեն հանդիպումներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, փորձելու ենք նաև նրանց ներուժը ներգրավել երկրի և ժողովրդի ընդհանուր շահերին ծառայեցնելու նպատակով»։

 

  • Կիսվել: