Բացառվում է երկրում թույլ տամ երկիշխանություն․ Արցախի նախագահ
Բացառվում է երկրում թույլ տամ երկիշխանություն, այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երկրում Անվտանգության խորհրդի զարգացմամբ հանրության մոտ երկրում երկիշխանության վտանգ է առաջանում։
«Սահմանադրությամբ սահմանված լիազորությունները ամբողջությամբ իրականացնում եմ», -հավելեց Հարությունյանը։ Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ապա ըստ Հարությունյանի, ինքն է առաջարկել Անվտանգության խորհրդում ավելացնել աշխատակիցների քանակը, ԱԽ-ի հանձնարարականները տալիս է երկրի նախագահը։ «Քանի որ նախագահը միանձնյա ղեկավար է, ինձ համար որպես խորհրդատվական մարմին գործելու է նաև Անվտանգության խորհուրդը, որպեսզի շատ հարցերում զսպող մեխանիզմը լինի։ Եկեք աշխատողների քանակով եզրահանգումներ չանենք, իրականում մեծ քանակի հանձնարարություն է իջեցված ԱԽ-ին և ավելին, արդյոք ի վիճակի են լինելու այդքանը իրականացնել», -հավելեց Հարությունյանը։
Խոսելով իր մեծաքանակ խորհրդականների և օգնականների մասին հնչող քննադատությանը` նախագահը նշեց, որ քանզի Արցախում նախագահը փաստացի միանձնյա է ղեկավարում, սահմանադրորեն չկան վարչապետի, փոխվարչապետի պաշտոններ, ուստիև նախագահի ինստիտուտի արդյունավետ գործունեության համար պետք են խորհրդականներ և օգնականներ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է պետական ապարատի օպտիմալացում և ծախսերի կրճատում:
Նախագահը նաև նշեց, որ, օգտվելով Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունից, պատրաստվում է պետնախարարի պաշտոնը համակցել որևէ նախարարի պաշտոնի հետ: