շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ հայտարարության հեղինակները «այդքան չկան», որ Սամվել Բաբայանից որևէ բան պահանջեն․Մարսել Պետրոսյան

ԱԺ հայտարարության հեղինակները «այդքան չկան», որ Սամվել Բաբայանից որևէ բան պահանջեն․Մարսել Պետրոսյան

Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը պարզաբանել է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի երեկվա հրապարակմումը:

«Ս․թ․ սեպտեմբերի 9-ին ԱՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում լրատվության և հանրության հետ կապերի բաժնի անունից տեղեկատվություն է հրապարակվել, որի կապակցությամբ պիտի ասեմ հետևյալը․

ԱԺ-ի պնդումն առ այն, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը տեղեկացվել է, որ օրենքը հնարավորություն է ընձեռում համալրել չներկայացված  փաստաթուղթը և վերջինս հայտարարել է, թե «այս փուլում» որևէ փաստաթուղթ չի ներկայացվելու, միանգամայն ճիշտ է, բայց ոչ ամբողջական։ Իսկ ամբողջական ճշմատությունն այն է, որ Մ․ Պետրոսյանն ասել է, որ «այս փուլում» չի ներկայացվելու որևէ փաստաթուղթ, որովհետև չներկայացված  փաստաթուղթը համալրելուց հետո Հանրապետության նախագահի թեկնածու Ս․ Բաբայանը հնարավորություն չէր ունենալու իր նախընտրական ծրագրի շուրջ հանդիպում-քննարկումներ ունենալ ԱԺ-ի խմբակցությունների հետ։

Դառնալով նրան, թե Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ ուշ երեկոյան հրավիրված խորհրդակցության ընթացքում Սամվել Բաբայանին ոչ թե «խնդրել են», այլ «պահանջել և զգուշացրել» ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, հարկ եմ համարում հիշեցնել, որ ձևակերպման հեղինակները ԱՅԴՔԱՆ ՉԿԱՆ, որ Սամվել Բաբայանից որևէ բան պահանջեն․ կցված-կցմցված քաղաքական կոստյումը երբեք չի զարդարել վտիտ քաղաքական միտքը։ Ուստի Ս․ Բաբայանին առաջադրված պահանջի և զգուշացման, ինչպես նաև նրա կողմից այդ կապակցությամբ համաձայնություն տալու վերաբերյալ ԱԺ-ի պնդումը լկտի սուտ է։
Ավելին, խորհրդակցության ներկաներից Հանրապետության նախագահի պաշտոնակատարը մտավախություն է հայտնել, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած քաղաքական ակցիան կարող է «անկառավարելի» լինել, ինչին ի պատասխան Ս․ Բաբայանն ասել է, որ ակցիայի կառավարելի կամ անկառավարելի լինելը կախված է խորհրդարանական չորս խմբակցություններից։ Եթե առաջադրված թեկնածուն 22 ձայնով ընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում, ինքն անձամբ է շնորհավորելու, ինչը և արվել է։ Եթե չընտրվեց, պետք է ոչ թե նույն թեկնածուի մասնակցությամբ երկրորդ փուլ հայտարարել, այլ, համաձայն օրենքի,  կազմակերպել նոր ընտրություն։ Ս․ Բաբայանը զգուշացրել է, որ օրենքի անկատարության մանիպուլացմամբ ընտրությունների երկրորդ փուլ հայտարարելու դեպքում ակցիան կարող է անկառավարելի դառնալ։ Խորհրդակցության վեց մասնակիցներից չորսը համաձայնել են այս առաջարկությանը։ Մյուս կողմից, ինչպես նշվել է, լիովին չվստահելով Բաքվից փոխանցված սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվության ամբողջականությանն ու իսկությանը, ինչպես նաև կանխատեսելով նույն քաղաքական ուժերի ձեռամբ նախատեսվող խարդավանքը՝ Ս․ Բաբայանը չեղարկել է ակցիա անցկացնելու որոշումը։

Անդրադառնալով «Սամվել Բաբայանի և իր շուրջ համախմբված անձինք» երազանքին՝ նկատենք, որ Ս․ Բաբայանի շուրջ համախմբված է 20 հազար քաղաքացի, որոնց վստահության քվեի արդյունքում ԱԺ-ում ձևավորվել է մեծությամբ երկրորդ «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Այն դեպքում, երբ իրենց ընդդիմադիր հռչակած, սակայն փաստացի իշխանության բուֆերի դերակատար երեք խմբակցություններն ԱԺ-ում հայտնվել են մի քանի անձանց շնորհիվ, որոնց շուրջը պատեհապաշտորեն համախմբվել են հենց իրենք։ Այս կապակցությամբ պիտի խոստովանել, որ օրենսդրից սկիզբ առած և ճյուղավորված քաղաքական չարորակ նոնսենսը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մեծամասնության կամքի բացակայության հետևանք։

Ամփոփելով նկատենք, որ տեղին և խրախուսելի է պետական կառույցների վարկաբեկմանը, բանսարկություններին, հանրային լարվածությանն ու թշնամու ցանություններին տուրք տալու վերաբերյալ ԱԺ-ի ինքնաքննադատությունը։ Այս կապակցությամբ Ս․ Բաբայանի և իր շուրջ համախմբված 20 հազար անձինք օրենսդիր իշխանությունից պահանջում են քաղաքական աղմուկի վրա վատնվող ռեսուրսներն ուղղել Արցախի գոյաբանական սպառնալիքների հաղթահարմանը, քանզի դրանց հասցեատերը համախոհաբար մարմնավորված ԱԺ մեծամասնությունն է՝ ի դեմս 4 խմբակցությունների»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: