Ազդեցիկ պետություններից և ուժային կենտրոններից պահանջել ոչ թռիչքային հայտարարել պատերազմի ամբողջ գոտին. Սեֆիլյանի կոչը
Արցախում վիճակը շատ ծանր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սասնա ծռեր համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պատերազմի առաջին իսկ օրերից պնդել ենք, որ անհրաժեշտ է արտաքին քաղաքական ճիշտ վերադիրքավորման միջոցով ձեռք բերել դաշնակիցներ և ստանալ աջակցություն:
Այդ աջակցությունը հիմնականում պետք է օգնի ոչ թռիչքային դարձնելու պատերազմական գոտին:
Քանի դեռ թշնամին օդում գերակայություն ունի, մենք շարունակելու ենք կրել տարածքային և մարդկային ծանր կորուստներ:
Ցավով ստիպված եմ արձանագրել, որ գործող կառավարությունը ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ:
Դրա փոխարեն արտաքին քաղաքականության ռեսուրսի հիմնական մասը ծախսվում է Արցախի անկախությունը ճանաչելու կեղծ, վնասակար և անիրագործելի նպատակի վրա:
Նույն նպատակին է ծառայեցվում նաև Սփյուռքի հայության էներգիան:
Մինչդեռ վիճակն իսկապես շատ ծանր է: Անշուշտ, մենք համոզված ենք, որ ի վերջո ջախջախելու ենք թշնամուն:
Սակայն թշնամուն հաղթելու անհրաժեշտ քայլեր կան, որոնցից առաջնայինը նրա օդային գերակայությունը չեզոքացնելն է:
Հաշվի առնելով, որ գործող կառավարությունից որևէ հույս չկա, Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր երևելի հայերին կոչ եմ անում ժամ առաջ լծվել ամենակարևոր խնդրի լուծման գործին՝ ազդեցիկ պետություններից և ուժային կենտրոններից պահանջել ոչ թռիչքային հայտարարել պատերազմի ամբողջ գոտին՛՛: