ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ազատ հայրենիքը» կնախաձեռնի մենաշնորհները բաց բաժնետիրական ընկերությունների վերածելու գործընթաց․ Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիքը» կնախաձեռնի մենաշնորհները բաց բաժնետիրական ընկերությունների վերածելու գործընթաց․ Արայիկ Հարությունյան

Տնտեսության զարգացման կարևոր ձեռնարկումներից է կազմակերպված շուկայի կամ ֆոնդային բորսայի ստեղծումը, որտեղ կիրականացվեն արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախյան «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ըստ էության, տարիներ ի վեր ՀՀ-ում այն չի կայացել, սակայն դրա գոյությունը մեծ հնարավորություններ կստեղծեր տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների համար ֆինանսական հոսքերի՝ տարբեր խողովակներով ապահովման առումով՝ արտերկրից և ներքին աղբյուրներից: Ի դեպ, միակ կայացած ընկերությունը, որն այս ոլորտում իրական հաջողության է հասել ՀՀ արժեթղթերի շուկաում՝ «Արցախհէկ» ընկերությունն է, որի բաժնետերերի թիվը անցնում է 1200-ը:

Իրավիճակն արմատապես փոխելու համար «Ազատ հայրենիք» կուսացության անունից հայտարարում եմ, որ շուտով կսկսենք մի գործընթաց, որի արդյունքում էներգետիկայի,կապի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով կդառնան բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց արժեթղթերը խորհրդանշական գնով (օրինակ՝ 1000-1500 ՀՀ դրամով) պարտադիր վաճառքի կհանվեն հայկական ֆոնդային բորսայում:

Այն առաջին հերթին Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար (իսկ ես համոզված եմ, որ բնակչության զգալի մասը կմասնակցի) հնարավորություն կստեղծի ձեռք բերելու այդ բաժնետոմսերը և մասնակցելու նշված ձեռնարկությունների կառավարմանը՝ ամեն ամիս շահաբաժնի տեսքով ստանալով որոշակի եկամուտ: Արդյունքում մենք կունենանք կազմակերպված շուկա, որտեղ երաշխավորված կապիտալի ներգրավումը կդառնա ավելի տեսանելի, իսկ դրա տեղաբաշխումը տնտեսության տարբեր ճյուղերի մեջ կապահովի արագ զարգացում»,- գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: