երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այս ընտրությունը լեգիտիմության ապացույց է. Արայիկ Հարությունյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Այս ընտրությունը լեգիտիմության ապացույց է. Արայիկ Հարությունյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում ժամը 16։00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կնոջ և դստեր հետ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ասել է, որ ՀՀ իշխանությունների հետ միասին կամքի և վճռականության շնորհիվ կարողանալու են ոչ միայն դիմակայել, այլ նաև հաղթանակով դուրս գալ Նոր կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից:

Ա. Հարությունյանի խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ցածր չէ:

«Ինձ համար ամենակարևորը մեր ժողովրդի վստահությունն է: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա կարող ենք ասել, որ կան արհեստական և քաղաքական ենթատեքստեր: Այս ընտրությունը լեգիտիմության ապացույց է»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իր նախընտրական ծրագրի հիմքում այն բոլոր քայլեր են նախատեսված, որոնք ուղղված են ժողովրդի առողջության ապահովմանը և տնտեսական զարգացմանը:

«Բոլոր ֆորսմաժորային իրավիճակների արտացոլումն է ընկած մեր ծրագրի հիմքում՝ պարենային անվտանգություն, էներգետիկ անկախություն, սոցիալական այնպիսի երաշխիքներ, որոնք թույլ են տալու դիմակայելու նման իրավիճակներում: Համոզված եղեք, որ մենք հաղթահարելու ենք այս իրավիճակը: Համախմբվելով ՀՀ իշխանության շուրջ՝ մենք պատվով ենք դուրս գալու»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Խոսելով ծրագրերից՝ ԱՀ նախագահի թեկնածուն առանձնացրել է գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող անելիքները, շինարարությունը, որոնք նպաստելու են տնտեսական զարգացմանը:

Այն հարցին, թե ընտրվելու պարագայում ում հետ է համագործակցելու, Ա. Հարությունյանը պատասխանել է. «Բոլորի հետ համագործակցելու եմ. մի քանի օրից ծրագրում եմ հանդիպել քաղաքական ուժերի հետ և խոսել մեր հետագա գործողությունների մասին: Ես խնդիր չունեմ ոչ ոքի հետ: Հանուն մեր երկրի բարօրության՝ ես պատրաստ եմ բոլորի հետ համագործակցելու»:

  • Կիսվել: