շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ասկերանի շրջանային ղեկավարության հետ քննարկել եմ պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը. Հարությունյան

Ասկերանի շրջանային ղեկավարության հետ քննարկել եմ պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը. Հարությունյան

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը՛՛,-նշել է նա:

Նշենք, որ այս հանդիպմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա գրել է. ՛՛Դեռևս առաջին պատերազմի փորձը ցույց է տվել, որ աշխարհազորայիններն արհեստավարժ զինվորականների հրամանատարությամբ կարողացել են ոչ միայն դիմագրավել թշնամու մեծաքանակ ուժերին, այլև արժանի հակահարված հասցնել: Հավատում եմ, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի՛՛:
 
 
 

  • Կիսվել: