երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աշխարհաքաղաքական մեծ խաղ է Արցախի շուրջ, որտեղ մենք միջնորդ չենք, այլ միջոց. Կարեն Սարգսյան

Աշխարհաքաղաքական մեծ խաղ է Արցախի շուրջ, որտեղ մենք միջնորդ չենք, այլ միջոց. Կարեն Սարգսյան

168.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ:

 Նշենք, որ գրավոր հարցերն ուղարկել էինք հուլիսի 22-ին, պատասխանները, բնականաբար, հարգելի պատճառներով, ստացել ենք այսօր: Հավելենք, որ հուլիսի 22-ից հետո են տեղի ունեցել մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ արցախցի տղամարդկանց առևանգման դեպքերը:

-Պատերազմի օրերին ղեկավարել եք Արտակարգ իրավիճակների ծառայությունը, որը մեծ և ծանր աշխատանք է տարել անհետ կորածներին գտնելու, զոհվածների մարմինները և մասունքներն օկուպացված տարածքներից տարհանման հարցում։ Գիտեմ, որ այս մասին ծանր է խոսել:

– Իսկապես ծանր է խոսել պատերազմի ընթացքում Արցախի փրկարար ծառայողների կողմից կատարված աշխատանքի մասին: Խոսքը ոչ միայն պատերազմում նահատակված զինծառայողների մարմինների տարհանման, այլ այն ահռելի գործողությունների մասին է, որն իրականացրել է յուրաքանչյուր ծառայող: Հատկապես պատերազմից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքները մեզ կանգնեցրին մեծ պատասխանատվության առջև: Եվ չնայած տևական ժամանակ է անցել, միևնույն է՝ դա համարում ենք մի փորձություն, որը հաջողել ենք հաղթահարել միասին: Անհաղթահարելին միայն մարդկային կորուստների ցավն է, որն առ այսօր էլ ուղեկցում է մեզ:

– Պատերազմից երեք տարի հետո դեռ անհետ կորածներ ունենք, Արցախի համապատասխան կառույցներն ինչ-որ բան անո՞ւմ են այս ուղղությամբ, թե՞ վաղուց դադարեցված են որոնողական աշխատանքները։

– Անհետ կորածներ, ցավոք, դեռևս ունենք, ինչպես զինվորականների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց: Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքները վաղուց դադարեցված են ադրբեջանական կողմի թույլ չտալու պատճառով: Բանակցությունները չեն դադարում, մենք գրեթե ամենօրյա ռեժիմով օգտագործում ենք մեր բոլոր լծակները, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի առաքելության հետ, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս: Հիմա էլ Արցախի պաշարումը ևս մեկ անգամ մոտեցնում է այն տեսակետը, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ և ցանկություն չունի մարդասիրական որևէ քայլ անել:

– Պատերազմի ընթացքում և դրանից հետո ամենածանր օրը ո՞րն էր Ձեզ համար։

– Գիտեք, այդ օրերին յուրաքանչյուր օր բացվում էր նոր խնդիրներով, որը հստակ լուծում էր պահանջում: Մենք ամեն օր կանգնում էինք նոր մարտահրավերների առաջ և պետք է գործի դնեինք ծառայության ներուժը, կիրառեինք ողջ գործիքակազմը, որ թեթևացնեինք հոգսը: Մեզ առաջ է մղել այն գաղափարը, որ մեր առաքելությունը ևս մեկ հայի կյանքի փրկություն արժե: Նկատի ունեմ, որ 44 օրերը մեզ համար գերլարված, գերծանրաբեռնված, ծանր իրադարձություններով հարուստ օրեր էին:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ինձ համար ամենադժվարը պատերազմից հետո զոհված հերոսների հարազատների հետ հանդիպումն էր, այդպես է և մինչ օրս, դժվար բան է որդի կորցրած մոր կամ ճակատագիրն անհայտ հերոսների հարազատների աչքերին նայելը:

– Արդեն մոտ 2 տարի է՝ ղեկավարում եք ՆԳ նախարարությունը, ի՞նչ խնդիրներ ուներ կառույցը 2021 թվականին, և ի՞նչ խնդիրներ կան այսօր, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ և աղետալի ճգնաժամի պայմաններում։ Այս ամենի արդյունքում որքանո՞վ են ավելացել նախարարության խնդիրները, վերափոխվել առաքելությունը։

– Երբ ստանձնել եմ ՆԳ նախարարի պաշտոնը, ի սկզբանե խնդիր եմ դրել՝ բնակչության անվտանգության ապահովման որակն ավելի բարձր մակարդակով կազմակերպելն առաջնահերթություն է: Որակական առումով բազմաթիվ փոփոխություններ են եղել, այդ թվում՝ բարելավվել են ՆԳՆ ծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, համալրվել՝ նյութատեխնիկական բազան: Քանի որ դա պատերազմից անմիջապես հետո էր, խնդիրներ կային՝ որքան ասեք: Հիմա արդեն պայքարում ենք նոր փորձությունների դեմ: Արցախի պաշարման բացասական ազդեցությունը կրել են բոլոր ոլորտները, այդ թվում՝ ՆԳ նախարարությունը, սակայն, առաքելությունն անփոփոխ է մնացել: Ոստիկանության և փրկարար ծառայողները շարունակում են շուրջօրյա ծառայություն մատուցել Արցախի Հանրապետության ամբողջ տարայծքում: Որևէ կանչ, որևէ հաղորդում անարձագանք չի մնում: Այո, դժվարությունները շատ են, իրավիճակն օրեցօր ավելի է օրհասական դառնում, բայց դա կառույցին ավելի է պարտավորեցնում:

– Ինչպե՞ս եք Դուք այսօր տեսնում Արցախի ապագան, որտե՞ղ սխալվեցինք, արդյո՞ք կարող էր 44-օրյա պատերազմում այլ ելք լինել:

– Աշխարհաքաղաքական մեծ խաղ է Արցախի շուրջ, որտեղ մենք միջնորդ չենք, այլ միջոց: Թե որտեղ սխալվեցինք, գնահատականները, կարծում եմ, ժամանակն ու պատմությունը կտան: Արցախի ժողովուրդն այսօր իր ինքնորոշման համար կրում է ծանր զրկանքներ: Չենք հանձնվում, որովհետև այս ամենով հանդերձ, աշխարհին մենք ասում ենք՝ հայրենիք ունենալու համար պատրաստ ենք այս զոհողություններին: Այսինքն, մեր հայրենակիցներն իրենց անկոտրում կամքով պայքարում են իրենց իրավունքի, ձայնի իրացման և ինքնորոշման համար, դիմակայելով պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամին:

– Ի դեպ, ուժային կառույցներից որքանո՞վ է կախվծ երկրի ապագան, հատկապես վճռորոշ պահերին, քանի որ պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ում ուժային կառույցների, զինվորականության նկատմամբ հանրության վերաբերմունքը միանշանակ չէ։

– Ուժային կառույցները՝ Զինված ուժերը, ԱԱ ծառայությունը, Ոստիկանության և փրկարար և մյուս ծառայությունները յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորն են: Թե ինչ փոխվեց պատերազմից հետո, իմ գնահատմամբ, բոլոր կառույցները պատշաճ կատարել են իրենց առաքելությունը: Ամեն դեպքում ռազմական գործողությունների ողջ ընթացքում յուրաքանչյուր ուժային կառույցի պատասխանատու փորձել ու արել է հնարավորը՝ պատերազմի ընթացքը փոխելու համար: Այժմ էլ չենք հանձնվում, ունեցածը պաշտպանում ենք, հաճախ՝ կյանքի գնով:

-Ինչո՞վ եք պայմանավորում պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախում, ՀՀ-ում լրտեսների, Ադրբեջանի հետ չնչին գումարով համագործակցողների թիվը։

– Ադրբեջանն ամեն կերպ Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակիչների համար թակարդներ է լարում նաև սոցիալական հարթակում: Պետք է չափազանց զգոն լինել՝ հաքերներից և կիբերհանցագործներից պաշտպանվելու համար: Համենայնդեպս, մեծ մասի դեպքում փորձը ցույց է տվել, որ Հայաստանի և Արցախի բնակիչները, որոնք մեղադրվում են, այսպես կոչված, լրտեսությամբ զբաղվելու համար, զոհ են դարձել առաջին հերթին իրենց չիմացության, մեդիագրագիտության բացակայության պատճառով: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, չեմ ուզում առաջ ընկնել և գնահատականներ տալ, բայց բարոյականության տեսակետից դատապարտում և քննադատում եմ լրտեսական, եթե կուզեք՝ Արցախի անվտանգությանը վնասող ցանկացած երևույթ:

– Շնորհակալություն, հաշվի առնելով Արցախում ստեղծված բարդ պայմանները, կապի, հոսանքի հետ կապված խնդիրները, այս անգամ սահմանափակվենք այսքանով:

  • Կիսվել: