երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարությունն՝ Արցախի շրջափակման վերաբերյալ

Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարությունն՝ Արցախի շրջափակման վերաբերյալ

Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Արցախի շրջափակման վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակմամբ մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գնտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։

Ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահների ճիգերը մինչ այժմ ցանկալի արդյունքներ չեն տվել՝ սանձելու ադրբեջանական կողմի սադրանքներն ու հակահայ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք չէ մնա անտարբեր կամ բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի իշխանությունների կողմից։

Ռուսաստանը, եվրոպական կառույցներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր են օգնության հասնել Լեռնային Ղարաբաղում ապրող եւ գործող խաղաղ բնակչությանը։ Մարդկային իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն նկատող երկրները պետք է դիմեն գործնական քայլերի՝ տարաբնույթ մարդասիրական օգնություն հասցնելու համար ձմեռային եղանակային պայմաններում տառապող ժողովրդին։

Լոս Անջելեսի հայ համայնքը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի վարած հայաթափմանը միտող ցեղասպանական քաղաքականությունը։

Մենք պահանջում ենք Սպիտակ տնից, որպեսզի գործնական միջոցներ ձեռք առնի, ներառյալ օդային մարդասիրական կամուրջ հաստատել եւ Ստեփանակերտի օդանավակայան հասցնել մեծ քանակությամբ պարեն, դեղորայք, հիվանդանոցային գույք եւ այլ անհրաժեշտ ապրանքներ՝ ապահովելու արցախահայության ֆիզիկական գոյությունն իր պատմական հայրենիքում։

Կոչով դիմում ենք Ներկայացուցչական տան եւ սենատի անդամներին, որպեսզի միանան դատապարտման ալիքին, պատժամիջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ եւ գործադրության դնեն թիվ 907 բանաձեւը՝ արգելելով բոլոր տեսակի զինվորական օժանդակություններն այդ երկրին։

Վերջին այս իրադարձությունները, որոնց շարքին նաեւ գազի մատակարարման դադարեցումը, մեկ անգամ եւս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղը  չի կարող դառնալ Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պետք է հաստատի այս իրողությունը՝ ճանաչելով արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքը։

ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

Ամերիկայի Հայկական Համագումար

«Կայծ» Երիտասարդական Միություն

Հայ-Ամերիկյան Խորհուրդ

Հայ Երիտասարդաց Դաշնակցություն (ՀԵԴ), Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Վարչություն

Հայ Իրավաբանական Միություն

Հայ Իրավանց խորհուրդ

Հայ Մարմնամարզական Միություն

Հայ Օգնության Միություն, Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Արեւմտյան Շրջան

Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միություն

Պոլսահայ Միություն

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: