շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախյան մշակույթի պահպանման ու հանրահռչակման նպատակով հեռուստամարաթոն է մեկնարկել

Արցախյան մշակույթի պահպանման ու հանրահռչակման նպատակով հեռուստամարաթոն է մեկնարկել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել Արցախի մշակութային կոլեկտիվների աշխատանքի շարունակականությունն ապահովելու, Արցախյան մշակույթը ներհայկական միջավայրում և արտերկրում ակտիվ ներկայացնելու նպատակով:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանը։
 
«Արցախի բռնի հայաթափման հետևանքով մեր հայրենիքի այդ հատվածում հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ։ Այդ արժեքներն անմիջական կրողներից Արցախի մշակութային կոլեկտիվներն այդ մարտահրավերին արձագանքել են իրենց ուժերի չափով՝ գրեթե ոչ մի պայման չունենալով՝ Երևանում փորձելով շարունակել իրենց ընթացքը:
 
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է այդ ջանքերը համատեղելու առաքելությամբ: Կազմակերպությունը հայտարարում է դրամահավաք՝ Արցախի մշակութային կոլեկտիվների աշխատանքի շարունակականությունն ապահովելու, Արցախյան մշակույթը ներհայկական միջավայրում և արտերկրում ակտիվ ներկայացնելու նպատակով»,-մանրամասնել է Մարգարյանը՝ հավելելով, որ ՀԿ-ն համընդհանուր հարթակ է, որտեղ միավորվել են բոլոր պետական համույթները, Արցախյան մշակութային միավորումներն ու ինքնագործ խմբերը:
 
Նա կոչ է արել ՀՀ-ում և Սփյուռքում գործող բոլոր հիմնադրամներին, կազմակերպություններին, հասարակական գործիչներին, բոլոր նրանց ովքեր միշտ եղել են Արցախի կողքին և համարում են, որ Արցախի հարցը դեռ փակված չէ, մասնակցել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող համահայկական հեռուստամարաթոնին և իրենց անձնական ներդրումն ունենալ համազգային գործում, դառնալ հայկական մշակույթի արցախյան հատվածի նշխարները փրկողներից մեկը:
 
Նրա խոսքով՝ հեռուստամարաթոնից ստացված ֆինանսական միջոցները արցախյան մշակութային կոլեկտիվների և նրանց միջոցով՝ արցախյան մշակույթի պահպանությանը, արցախահայության մշակութային իրավունքների իրացմանը, թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների հուշարձանների վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, Արցախի բարբառի պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, սահմանամերձ շրջաններում կրթամշակութային միջոցառումների իրականացմանը, արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը: Դա թույլ կտա նաեւ հայկական միջավայրից դուրս ակտիվ պահել արցախյան թեմատիկան:
 
Այս ծրագրերի իրականացմանը կներգրավվեն մշակույթի ոլորտի արցախցի ավելի քան 500 մասնագետ:
 
«Մենք վստահ ենք, որ Արցախի մշակութային կոլեկտիվներից շատերն ունեն բավարար ներուժ՝ 1-2 տարի հետո անցնելու ինքնաֆինանսավորման: Այսօր մենք կարող ենք օգնել, որ նրանք ոտքի կանգնեն, վերսկսեն իրենց լիաժեք գործունեությունը և պահպանեն ու զարգացնեն արցախյան մշակույթը՝ արթուն պահելով մի օր կրկին այդ արժեքներով Արցախ վերադառնալու հավատը»,-ասել է ՀԿ-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ այս առաքելությանը հեռուստամարաթոն-դրամահավաքի շրջանակներում կարող է միանալ յուրաքանչյուրը։
 
 Դրամահավաքի արդյունքները կամփոփվեն ընթացիկ տարվա մարտի 23-ին՝ ուղիղ եթերում:

  • Կիսվել: