հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախյան ազատամարտի մասնակիցները սրտանոթային հիվանդություն ունենալու դեպքում կարող են բուժում ստանալ անվճար

Արցախյան ազատամարտի մասնակիցները սրտանոթային հիվանդություն ունենալու դեպքում կարող են բուժում ստանալ անվճար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահության նախարարի և նախագահի՝ առողջապահության ու սոցիալական հարցերով խորհրդականների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը նշել է, որ անվճար առողջապահություն ունենալու իր նախընտրական խոստման համաձայն՝ կյանքի են կոչվում առաջին լոկալ ծրագրերը: Նախագահի հանձնարարականով՝ առողջապահության նախարարություն դիմած անպտղություն ունեցող ավելի քան 100 զույգերի բուժման ծախսերը ամբողջությամբ կիրականացվեն պետական ֆինանսավորմամբ՝ փուլ առ փուլ:

Առողջապահական հաջորդ ծրագրի շահառուները, ըստ նախագահ Հարությունյանի՝ կլինեն Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցները: Այն հնարավորություն կտա սոցիալական այդ խմբերի ներկայացուցիչներին սրտանոթային հիվանդություն ունենալու դեպքում Արցախի և Հայաստանի բուժհաստատություններում անվճար օգտվել բուժման բոլոր տեսակի ծառայություններից՝ ներառյալ սրտի բաց և փակ վիրահատությունները: Նախագահը նշել է նաև, որ հաջորդ տարվանից առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անվճար, և բոլորը հնարավորություն կունենան օգտվել նշված ծրագրերից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի վերազինման աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ մինչև տարեվերջ պետական ու բարեգործական միջոցներով ձեռք կբերվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

 

  • Կիսվել: