երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արցախը Հայաստան է, և վերջ. Արայիկ Հարությունյանը եղբոր հետ կապված հուզիչ պատմություն պատմեց

Արցախը Հայաստան է, և վերջ. Արայիկ Հարությունյանը եղբոր հետ կապված հուզիչ պատմություն պատմեց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ստանձնելով իր պաշտոնը, ելույթի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ կրկնելով դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Հարությունյանն ասաց. «Երբ 28 տարի առաջ Արցախի համար կռիվ էինք տալիս, երազում էինք ունենալ միացյալ ու ազատ հայրենիք։ Այժմ նորանոր երազանքներին հասնելու ժամանակն է` մեծ երազանքների։ Ժամանակն է երազելու ու գործելու` ռազմական, տնտեսական հայրենիք կերտելու ուղղությամբ»։

Նա ընդգծեց, որ խորհրդանշական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում հաղթական մայիս ամսին։

Նորընտիր նախագահն ասաց, որ մտադրություն կա Արցախի ԱԺ–ն տեղափոխել Շուշի և քայլեր կիրականացնեն այդ ուղղությամբ։

Բացի այդ՝ նա նշեց, որ մի քանի հիմնական սկզբունքներ կան, որոնք ընդգրկված են լինելու իր գործունեության սկզբում։ Դրանցից առաջինը սահմանում է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն։

Սկզբունքներից հաջորդն էլ այն է, որ միացյալ հայրենիքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ենթակա չեն վերապահման և սակարկման։ Հարությունյանի խոսքով` Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է համարել յաթաղան` ողջ հայության գլխին։ Նախագահն ասաց, որ պատրաստ են այդ յաթաղանը վերածել բահի, գրիչի, խաչի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սրի։

Հարությունյանը պատմեց` 1988-ի փետրվարի 13-ին իր մեծ եղբայրը` Սամվելը, իրեն հարցրել է, թե պատրա՞ստ է զոհվել հանուն հայրենիքի։ Հարությունը պատասխանել է` այո։

Հուզված նախագահն ասաց. «Եղբայրս կատարեց իր երդումը, ես` դեռ ոչ»:

Նշենք, որ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

  • Կիսվել: