Արցախը 10 մլն դրամ աջակցություն է փոխանցել լիբանանահայ համայնքին
Արցախի կառավարությունը 10 մլն դրամ աջակցություն է փոխանցել Լիբանանի հայկական գաղթօջախին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա գրում է․
«Իմ նախորդ գրառումներում իրազեկել եմ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է համեստ աջակցություն ցուցաբերել լիբանանահայությանը: Օբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ համավարակով պայմանավորված, այդ երկիրը տևական ժամանակով հայտնվել է սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում՝ ծանր դրության մեջ դնելով Լիբանանում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցների ևս:
Տեղեկացնեմ, որ 10 մլն ՀՀ դրամի չափով աջակցությունն արդեն փոխանցել ենք տեղի հայկական գաղթօջախին:
Ցավով արձագանքելով Լիբանանում ստեղծված իրավիճակին՝ այսօր, դիմելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, հայտարարում եմ մեր հերթական պատրաստակամության մասին: Եթե այս օրհասական պահին նրանցից որևէ մեկն իր ապագան մեր հայրենիքի արցախյան հատվածում կառուցելու ցանկություն հայտնի, մենք կընդունենք նրան մեր հարկի տակ՝ սիրով և հարազատի հոգատարությամբ»։