չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1- 10-ը

Արցախում ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1- 10-ը

Դիմորդները բուհ ընդունվելու համար մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը էլեկտրոնային եղանակով ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնին պետք է ուղարկեն ընդունելության քննության և մասնագիտությունների դիմում-հայտ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:
 
Նրա խոսքով՝ միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում:
 
«Դիմորդներն իրենց նախընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար հանձնում են 1 ընդունելության մրցույթային քննություն։ Համապատասխան մրցույթային քննությունների սյունակում 1-ից ավելի ընդունելության քննության առկայության դեպքում, դիմորդն իր ընտրությամբ հանձնում է այդ քննություններից մեկը։
 
Միասնական քննություն հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի  մասնագիտությունների մրցույթի, իհարկե, եթե ընտրած բոլոր մասնագիտությունները համընկնում են  ընդունելության պահանջների միևնույն մրցութային առարկայի քննությանը:
 
Ներբուհական քննություն հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ  բուհի՝ մինչև երկու անվճար և ութ  վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում են ընտրության մրցութային միևնույն քննությունները:
 
ՀՀ պետական բուհերում ԱՀ դիմորդներին հատկացված տեղերի համար ցանկացողները պետք է ընտրության դիմում-հայտ ներկայացնեն  էլեկտրոնային եղանակով ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոն՝ բացառությամբ ՀՀ պետական բուհերի այն մասնագիտությունների, որոնց համար պահանջվում է  ներբուհական ընտրության քննություն: Ընտրության դիմում-հայտերը դիմորդները  էլեկտրոնային եղանակով ուղարկելու են ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոն՝ ուղարկելով նաև համապատասխան մարմնի կողմից  տված տեղեկանքը:
 
Դիմորդին չի թույլատրվում  ներկայացնել մեկից ավել ընտրության դիմում-հայտ: Հայտագրման ավարտից հետո դիմորդին էլեկտրոնային եղանակով  ուղարկվելու են ընտրության քննությունների մասնակցության անցաթղթերը, որտեղ նշվելու են դիմորդի տվյալները, քննական կենտրոնի  տեղակայման բնակավայրը, քննության օրը, առարկան և քննության ներկայանալու ժամը»,-մանրամասնել է Յու. Քարամյանը:
 
Նրա տեղեկացմամբ՝ ընդունելության քննություներն անց են կացվելու հուլիսի 1-10-ը. միասնական քննությունները՝ քննական կենտրոններում, ներբուհականը՝ համապատասխան բուհում: Միասնական քննությունների  անցումային նվազագույն շեմը 7,5-ն է, իսկ  ներբուհականը՝ 8 միավորը:

  • Կիսվել: