ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում վերջին մեկ շաբաթում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Արցախում վերջին մեկ շաբաթում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Ապրիլի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի թիվը, փոխարենը՝ նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ գրանցված 1253 զանգից 17-ը՝ տեխնածին, 16-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
 
«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
 
Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Հինգ պատանի բացօթյա հանգստանալու նպատակով դուրս են եկել քաղաքից և մոլորվել անտառում: Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները վերջիններիս հայտնաբերել և տեղափոխել են Ստեփանակերտ:
 
Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ 1 կանչ է գրանցվել. Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից ոչ ոք չի տուժել: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և վերադարձել մշտական տեղակայման վայր:
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Հրդեհի 3 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում, 1-ը՝ Ասկերանի շրջանում։ Բոլոր դեպքերով կատարվել են կանխարգելիչ գործողություններ:
 
Յոթ օրվա ընթացքում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը կատարել են 8 ելք։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
 
ՆԳՆ ծառայողներն ապրիլի 23-ին և 24-ին ապահովել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերթի և հիշատակի երթի մասնակիցների անվտանգությունը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիրում»,- ասված է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: