երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում վերանայվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը և չափը

Արցախում վերանայվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը և չափը

Վերանայվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և վերակառուցվող շենքերի նախկին բնակիչների բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը և չափերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և այդ հարցով ինձ պարբերաբար ներկայացվող դիմումները, իմ կողմից տրվել էր բնակարանով չապահովված՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և վթարակային շենքերից տեղափոխված բնակիչների բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ֆինանսական աջակցության չափերը վերանայելու հանձնարարական:

ԱՀ բնակարանային կոմիտեի կողմից երեկ ավարտին է հասցվել խնդրի լուծմանն ուղղված ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով շահառու ընտանիքներին տրվող ֆինանսական աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով: Ըստ այդմ՝ առաջարկվել է 1 հոգուց բաղկացած ընտանիքի անդամին տրամադրել 60.000 դրամի չափով աջակցություն, 2-ի դեպքում՝ 80.000 դրամ, 3-ի դեպքում՝ 120.000 դրամ, 4-ի դեպքում՝ 140.000 դրամ, 5 և ավելիի դեպքում՝ 160.000 դրամ:

Կառավարության որոշումն ընդունվելուց հետո այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

  • Կիսվել: