Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված աջակցության նոր ծրագիր է նախատեսվում․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետությունում նախատեսվում է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր ծրագիր, որի շրջանակներում ֆինանսական աջակցություն կտրամադրվի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունենալով կայուն եկամուտ, կանգնած են զբաղվածության, սոցիալական նվազագույն կարիքները հոգալու խնդիրների առջև:
Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիր» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:
ԱՀ պետական նախարարը նշել է, որ սոցիալական աջակցության իրագործվող ծրագրերում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց գործատուները պետության աջակցությամբ շարունակել են պահպանել աշխատատեղերը, ինչպես նաև այն խմբերը, որոնք այս ընթացքում կորցրել են իրենց աշխատատեղերը:
Սակայն այն անձանց համար, ովքեր մինչև շրջափակումն աշխատանք չեն ունեցել, ներկայում ինչ-որ աջակցության ծրագիր չի գործում:
«Շրջափակման տնտեսական բացասական հետևանքներն օր օրի ձնագնդի էֆեկտով ավելի են մեծանում, իսկ հազարավոր ընտանիքներ արդեն տարրական սոցիալական խնդիրների լուծման առաջ են կանգնած: Ուստի համատեղ քննարկումների արդյունքում որոշում ենք ընդունել, որպեսզի պետությունը սատար կանգնի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պահի դրությամբ չունեն կայուն եկամուտ և կանգնած են զբաղվածության, սոցիալական նվազագույն կարիքները հոգալու խնդիրների առջև: Այն բարոյական աջակցության իմաստ է պարունակում, ինչպես նաև ռեալ սոցիալական խնդրի առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու նպատակ ունի: Բարոյական առումով պետության հոգածությամբ մեր քաղաքացիներից որևէ մեկն իրեն միայնակ չի զգալու, իսկ բացի այդ չեն լինի ընտանիքներ, որոնք հացի խնդիր կունենան»,-ներկայացրել է Գ. Ներսիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ծրագիրը բավականին մեծ արդյունք ապահովող, երկրի ներքին համերաշխությունն ու պետություն-հասարակություն բարոյական կապն ապահովող կարևորագույն քայելրից է լինելու:
Խորհրդարանական լսումների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները հիմնական զեկուցողին հարցադրումներ են կատարել և առաջարկություններ ներկայացրել աջակցության նոր ծրագրի իրագործման գործիքակազմերի, շահառուների խմբի և հասցեականության հստակեցման, ինչպես նաև հնարավորին սոցիալական արդարությունը պահպանելու վերաբերյալ:
Շահառուների խմբի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պետական նախարարը մանրամասնել է, որ առաջարկվում է ծրագրի շահառուների ցանկում չընդգրկել պետական աշխատատեղեր ունեցողներին և պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածից որոշ ոլորտների աշխատողներին՝ բացառությամբ նրանց ընտանիքի անդամների:
Ինչպես նշվել է լսումների ընթացքում՝ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր ծրագիր նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարվա մայիսի ընթացքում: