երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արցախում շարունակվում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը

Արցախում շարունակվում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Ազգային մշակույթը դպրոցում» դաս-համերգների ծրագիրը, որը նպատակ ունի արժևորել հայ ազգային կոմպոզիտորական, գուսանական, ժողովրդական երգերի, ազգային նվագարանների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանման գործում։

Ինչպես տեղեկացնում են  ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի առաջին փուլն իրականացվում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի մասնակցությամբ, որն այս օրերին դաս-համերգներով մայրաքաղաքի դպրոցներում էր։ Կազմակերպիչները հույս ունեն, որ նման հանդիպումների շնորհիվ երեխաների մոտ ժողգործիքների հանդեպ հետաքրքրություն կառաջանա։
 
«Մշակութային կրթության և դաստիարակության համար անչափ կարևոր են նմանատիպ կողմնորոշիչ, ուսուցողական հանդիպումները։Այսօր ազգային նվագարանների մասին կարծես քիչ է խոսվում։ Այս ծրագիրը նաև քարոզչական նպատակ ունի, որպեսզի մեր երեխաները ճանաչեն ժողովրդական գործիքները, սիրեն դրանք և հետագայում ազգային նվագարանների մասնագետներ, վարպետներ դառնան»,-նշեց Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանը։
 
Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Ստեփանյանի կարծիքով՝ դպրոցականների հետ նման հանդիպումները ուսուցողական ու դաստիարակչական են։
 
«Մեր երեխաները երաժշտության դասին  ուսումնական նյութն ուսումնասիրելիս տեսականորեն գիտեն՝ որոնք են մեր ժողովրդական գործիքները, իսկ այսօր հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնել, ճանաչել, այլ նաև ունկնդրել դրանց կատարմամբ ազգային երաժշտությունը։ Սա դպրոցականների համար ճանապարհորդություն էր պատմության էջերով»։
Ծրագիրը շարունակական է լինելու ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների դպրոցների համար։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանի խոսքով՝  երաժիշտները կաշխատեն շրջկենտրոնների համույթների հետ, ինչից հետո համույթները ծրագիրը կշարունակեն համայնքների դպրոցներում։
 
Նոր ուսումնական տարում կյանքի կկոչվի ծրագրի երկրորդ՝ «Հայ գուսանական, ժողովրդական երգերը դպրոցում» փուլն՝  արդեն  «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցությամբ։
 

  • Կիսվել: