կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում քննարկվել է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը

Արցախում քննարկվել է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը

Այսօր Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ անցկացված՝ Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի և «Հանրագրերի մասին» օրենքի նախագծի և կից փաթեթի քննարկումն էր, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովին է ներկայացրել նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Պատգամավորները հարցեր են առաջադրել հիմնական ու հարակից զեկուցողներին և հանդես եկել ելույթներով: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում նախագիծը բացասական եզրակացությամբ ուղարկվել է հերթական նիստի քննարկմանը:

Հաջորդիվ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը հանձնաժողովի որոշմամբ ստացել է դրական եզրակացություն և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է ԱԺ հերթական նիստում:

Նախօրեին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Գույքահարկի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները քննարկել և դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն:

Նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

  • Կիսվել: