երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում նվազել են անշարժ գույքի առուվաճառքի գործարքները

Արցախում նվազել են անշարժ գույքի առուվաճառքի գործարքները

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի չորրորդ եռամսյակում, իրականացվել է 1453 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափ արձանագրվել է Ստեփանակերտում՝ 47,1 տոկոս  (2022 թ. III եռամսյակում` 44,7տոկոս):

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:

Տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում  իրականացվել է մասնավորապես 282 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը  երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 30,5 տոկոսով, իսկ 2021 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 28,1 տոկոսով:

Առուվաճառքի գործարքները  կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 19,4 տոկոսը (2022թ. III եռամսյակում` 18, 8%):

Առուվաճառքի գործարքներում բարձր տոկոսաչափ են կազմում հողամասերի և բնակարանների նկատմամբ գործարքները, համապատասխանաբար՝ 46,1 տոկոս  և 31,2 տոկոս:

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել է 88, իսկ անհատական բնակելի տների նկատմամբ՝ 45 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում: 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ստեփանակերտ քաղաքում անցած տարվա չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքները՝ 1  մետր քառակուսի մակերեսի հաշվարկով, 2022թ. երրորդ և 2021թ. չորրորդ եռամսյակների համեմատ երկրորդային շուկայում նվազել է համապատասխանաբար՝ 4,7 տոկոսով և 10,8 տոկոսով: Առաջնային շուկայում միջին արժեքների հաշվարկման համար բավարար քանակով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել:

Հանրապետության շրջկենտրոններում (քաղաքներում) վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջին արժեքները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով կազմելով՝ Ասկերան քաղաքում 100,4 հազար ՀՀ դրամ, իսկ Մարտունիում՝ 102,8 հազար դրամ

  • Կիսվել: